Արդեն հայտնել ենք, որ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստի ընթացքում որոշում է կայացվել 2 մլն ՀՀ դրամով տուգանել «Ալաշկերտ», «Գանձասար-Կապան», «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա», «Շիրակ», «Փյունիկ», «Ուրարտու», «Նոա», «Վան» և «Լոկոմոտիվ» ակումբներին ՝ ֆուտզալի թիմ չապահովելու համար :
Այս առիթով ArmSport-ը զրուցել է «Վան» ակումբի փոխնախագահ և թիմի գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանի հետ:
«Ֆուտզալի թիմ ունենալը մի փոքր բարդ խնդիր է, հատկապես նորաստեղծ թիմերի համար: Կարծում եմ՝ մեզ մի փոքր ժամանակ էր պետք, որպեսզի այդ հարցը լուծվեր: Մենք գլոբալ հարցերը լուծել ենք, ունենք աղջիկների թիմ, մանկապատանեկան թիմեր: Ամեն դեպքում, օրենքը բոլորի համար է, մենք էլ բացառություն չենք: Եթե կա օրենք ֆեդերացիայի կողմից հաստատված, մենք պետք է ենթարկվենք դրան: Եթե չենք կատարել, ուրեմն պետք է տուգանվենք, դա նորմալ պրոցես է: Մենք պարտավոր ենք ընդունել ֆեդերացիայի որոշումը ու ենթարկվել դրան: Իհարկե ցանկալի չէր, որ հատկապես այս պայմաններում մենք տուգանվեինք: Բայց դե օրենքը բոլորի համար է, և պետք է համապատասխանենք պահանջներին»,-ասաց Բարսեղյանը:
Հարցին, թե կարանտինային շրջանում ակումբում ինչ ֆինանասկան խնդիրներ կան, Բարսեղյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ կա ակումբ, որի վրա այս իրավիճակը չի անդրադարձել: Մեր ակումբի նախագահը, հովանավորն անում են ամեն ինչ, որ մենք կարողանանք դուրս գալ այս վիճակից: Մենք էլ ամբողջ թիմով ըմբռնումով ենք մոտենում: Իհարկե, կան ֆինանսական խնդիրներ, բայց դրանք չեն անդրադառնում մեր բնականոն աշխատանքին ու մարզումներին»:
ArmSport-ը պարզաբանում է խնդրել նաև ֆուտզալի թիմ չապահովելու համար տուգանված մյուս ակումբներից: «Ալաշկերտ» և «Շիրակ» ակումբները պատասխանել են, որ ՀՖՖ Կարգապահական կոմիտեի որոշումը նախընտրում են թողնել առանց մեկնաբանության: