«Նյուքասլի» պաշտպան Ամար Դեդիչը հայտնվել է ոստիկանության լայնածավալ գործողության կենտրոնում՝ աղեղ և նետեր կրելու պատճառով։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, 24-ամյա բոսնիացի ֆուտբոլիստին և նրա ընկերոջը նկատել են Նորթումբերլենդի Հարլոու Հիլ շրջանում գտնվող ջրամբարի մոտ՝ աղեղներով և նետերով։ Անցորդներից մեկը կասկածելի է համարել նրանց ներկայությունը և դիմել ոստիկանություն։
Դեպքի վայր են ուղարկվել վեց ոստիկանական մեքենաներ, այդ թվում՝ զինված ստորաբաժանումներ։ Ոստիկանները հետագայում կանգնեցրել են Դեդիչի ավտոմեքենան Դարաս Հոլ շրջանում՝ դեպքի վայրից մոտ 11 կիլոմետր հեռավորության վրա։ Մեքենայի խուզարկության արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են աղեղն ու նետերը։
Իրավիճակին միջամտել են նաև «Նյուքասլի» դարպասապահ Մարկ Գիլեսփին և նախկին պաշտպան Փոլ Դամեթը, որոնք պատահաբար հայտնվել են դեպքի վայրում և փորձել օգնել ֆուտբոլիստին։
Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ նախնական տվյալներով՝ աղեղն ու նետերը նախատեսված են եղել ժամանցային օգտագործման համար և հանրության համար վտանգ չեն ներկայացրել։ Միաժամանակ նշվել է, որ հետաքննությունը շարունակվում է։
Անգլիայում աղեղով կենդանիների և թռչունների որսն արգելված է։ Սակայն այս պահին Դեդիչին որսագողության մեջ մեղադրելու մասին տեղեկություն չկա։ Daily Mail-ի փոխանցմամբ՝ «Նյուքասլը» չի պատրաստվում կարգապահական միջոցներ կիրառել ֆուտբոլիստի նկատմամբ։




























































