Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների FAF (First Armenian Front) շարժումը հանդես է եկել հայտարարությամբ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահի պաշտոնում առաջադրելով ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի թեկնածությունը։
Նշենք, որ 2023 թվականի օգոստոսին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Գևորգ Ղազարյանն անցել է մարզչական աշխատանքի և այժմ ընդգրկված է «Արարատ-Արմենիայի» մարզչական շտաբում՝ զբաղեցնելով գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպայի օգնականի պաշտոնը։
Երկրպագուների տարածած հայտարարության մեջ, որը ներկայացնում ենք նույնությամբ, ասվում է.
«Մենք՝ Հայաստանի ազգային հավաքականի և հայկական ակումբների երկրպագուական շարժումների ներկայացուցիչներս, ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջարկում ենք Գևորգ Ղազարյանի թեկնածությունը։
Հայկական ֆուտբոլը կանգնած է վճռորոշ հանգրվանի առաջ։ Առջևում ՀՖՖ նախագահի ընտրություններն են, որոնք կարող են դառնալ երկու տարի առաջ մեկնարկած պայքարի հանգուցալուծումը և շրջադարձային պահ՝ հայկական ֆուտբոլի ապագայի համար։ Սա պարզապես հերթական ընտրություն չէ․ սա հնարավորություն է վերջ դնելու տարիներով կուտակված խնդիրներին և բացելու հայկական ֆուտբոլի զարգացման նոր էջ։
Մեր պահանջը հստակ է՝ ֆուտբոլային ֆեդերացիա, որն ապրում է ֆուտբոլով և աշխատում ֆուտբոլի համար։
Մեր համոզմամբ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պետք է ղեկավարի ֆուտբոլային ճանապարհ անցած, հայկական ֆուտբոլի խնդիրներին ներսից ծանոթ, ֆուտբոլով ապրող և այն զարգացնելու հստակ նպատակներ ունեցող մարդ։
Գևորգ Ղազարյանը երկար տարիներ պատվով ներկայացրել է Հայաստանի ազգային հավաքականը, հանդես եկել հայկական և եվրոպական ակումբներում ու անցել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի հարուստ ճանապարհ։
Մեզ համար կարևոր է, որ ֆեդերացիայի ղեկավարը ճանաչի հայկական ֆուտբոլի իրականությունը, անմիջական կապ և շփում ունենա ֆուտբոլային հանրության հետ:
Առանձնահատուկ նշանակություն ենք տալիս նաև Գևորգի բարձր հեղինակությանը ֆուտբոլային աշխարհում և հանրության շրջանում։ Տարիների ընթացքում վաստակած հարգանքն ու երկրպագուների սերը կարևոր արժեքներ են, որոնք կարող են ամուր հիմք դառնալ վստահության, անկախության և բացառապես ֆուտբոլի շահերից բխող որոշումների կայացման համար։
Սակայն մեր նախաձեռնությունը միայն մեկ անձի թեկնածության առաջադրում չէ։ Սա հայկական ֆուտբոլի շուրջ ուժերի համախմբման և միասնական պատասխանատվություն ստանձնելու նախաձեռնություն է։ Գևորգ Ղազարյանի շուրջ համախմբելու ենք ազգային հավաքականի տարբեր սերունդների ֆուտբոլիստներն, մարզիչներին, ինչպես նաև ֆուտբոլի կառավարման, իրավաբանության, սպորտային մենեջմենթի և հարակից ոլորտների փորձառու մասնագետներին։
Ձևավորում ենք ուժեղ մասնագիտական թիմ, որը պատրաստ է ստանձնել հայկական ֆուտբոլի զարգացման պատասխանատվությունը՝ աշխատելով սրտացավությամբ, հետևողականությամբ և ֆուտբոլային մտածողությամբ։
Առաջիկայում կներկայացվեն թիմի անդամները և հայկական ֆուտբոլի զարգացման ծրագիրը։
Ֆուտբոլային մարդ։ Ֆուտբոլային թիմ»,- ասված է շարժման տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը պաշտոնում վերընտրվել է 2023 թվականի դեկտեմբերին՝ 4 տարի ժամկետով, և ֆեդերացիայի նախագահի հերթական ընտրությունները նախատեսված են 2027 թվականի դեկտեմբերին։
Այնուամենայնիվ, վերջին շրջանում հայկական ֆուտբոլում ստեղծված իրավիճակի և հավաքականի անբավարար ելույթների ֆոնին, երկրպագուական շարժումները տևական ժամանակ պահանջում են ՀՖՖ ղեկավարության հրաժարականն ու արտահերթ ընտրությունների անցկացումը։


























































