ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի լիգայի փուլի 4-րդ տուրում Երևանի «Արարատ-Արմենիան» Պորտուգալիայում կհյուրընկալվի տեղի «Տորենսեին»։ Հայկական ակումբի միանգամից երեք ներկայացուցիչների համար այս դիմակայությունն ունի առանձնահատուկ ենթատեքստ․ գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան նախկինում գլխավորել է պորտուգալական թիմը, իսկ կիսապաշտպաններ Բենի Դիաշն ու Խուան Բալանտան պաշտպանել են այդ ակումբի գույները։
Չնայած մրցաշարի մեկնարկային երեք տուրերում կրած պարտություններին՝ երևանյան թիմի ճամբարում տրամադրությունը մարտական է։ Հանդիպման նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Մանուել Տուլիպան խոսել է առաջիկա խաղի սպասելիքների, տակտիկական վերադասավորումների և թիմի ներքին խոհանոցի մասին։
— Պորտուգալացի մասնագետները հաճախ են հաջողության հասնում իրենց նախկին ակումբների դեմ խաղերում․ վառ օրինակ է Ժոզե Մոուրինյուն։ Ձեզ համար ի՞նչ նշանակություն և լրացուցիչ մոտիվացիա ունի «Տորենսեի» դեմ դիմակայությունը։
— Դեռ ամռանը մեր առջև խնդիր էր դրված նվաճելու Կոնֆերենցիաների լիգայի ուղեգիր, սակայն մենք ավելիին հասանք և հայտնվեցինք Եվրոպա լիգայում։ Ես իրատես եմ և հստակ գիտակցում եմ, որ մենք այն թիմը չենք, որը կարող է հաղթել այս մրցաշարում, սակայն փոքր հաղթանակների միջոցով մենք քայլ առ քայլ ձևավորել ենք հաղթողի հոգեբանություն։
Ինձ համար միշտ սկզբունքային է եղել հաղթելը՝ պահպանելով սեփական խաղային ձեռագիրն ու ինքնությունը։ Սակայն Եվրոպա լիգայում հանդես գալն ինձ սովորեցրեց, որ արդյունքի կարելի է հասնել նաև տակտիկական այլ մոտեցումներով։ Մենք փորձարկեցինք տարբեր մտահղացումներ և համոզվեցինք, որ կարող ենք հաղթել նույնիսկ առանց գնդակի տիրապետման բացահայտ առավելության։
Ինձ համար կապ չունի, թե ով է մրցակիցը․ ես ցանկանում եմ հաղթել յուրաքանչյուր խաղում։ Այս պահին մենք գերմոտիվացված ենք, և «Տորենսեի» դեմ մեր միակ նպատակը հաղթանակն է։ Վառ օրինակը «Նոայի» նկատմամբ մեր վերջին հաղթանակն էր․ այդ խաղում կատարեցինք մի շարք տակտիկական փոփոխություններ, որոնք տվեցին ցանկալի արդյունքը։ Ընդհանուր առմամբ, վերջին շրջանում թիմը տակտիկական առումով լուրջ առաջընթաց է գրանցել։ Մենք ուզում ենք հաղթել ոչ միայն մեր ակումբի, այլև ամբողջ Հայաստանի համար, քանի որ մեր երկրին խիստ անհրաժեշտ են ՈւԵՖԱ-ի վարկանիշային միավորներ։
— Եվրոպա լիգայի նախորդ երեք խաղերում «Արարատ-Արմենիան» փայլուն էր անցկացնում 20-25 րոպեանոց հատվածներ, որից հետո խաղային անկում էր նկատվում։ Ինչպե՞ս պահպանել այդ տեմպը ողջ հանդիպման ընթացքում։
— Կայունության պահպանումն իսկապես մեր ամենամեծ խնդիրներից է, հատկապես՝ եվրագավաթային մակարդակում։ Առաջիկա խաղում կփորձենք շտկել այդ բացը։ Այո՛, մենք պարտվել ենք բոլոր երեք հանդիպումներում, բայց ես դրանք լիակատար ձախողում չեմ համարում։ Յուրաքանչյուր խաղում էլ եղել են դրական ժամանակահատվածներ, երբ թիմը որակյալ ֆուտբոլ է ցուցադրել։ Հիմա մենք կենտրոնանում ենք հենց այդ դրական պահերի վրա, և մեր խնդիրն է հասկանալ, թե ինչպես կարող ենք այդ հատվածներն ավելի երկար դարձնել։
Չպետք է մոռանալ նաև, որ Հայաստանի առաջնությունում մենք ընդամենը մեկ պարտություն ենք կրել, այնպես որ ամեն ինչ չէ, որ վատ է ընթանում։ Եվրոպա լիգայի երեք տուրերից հետո մենք արդեն մեծ դասեր ենք քաղել։ Հարգում եմ մրցակցին, բայց համոզված եմ, որ ունակ ենք հաղթելու «Տորենսեին»։
— Արթուր Սերոբյանը հաճախ է նահանջում խորք և մեծ ծավալի սև աշխատանք կատարում պաշտպանությունում։ Հաշվի առնելով, որ «Տորենսեն» ունի հարձակմանը շատ ակտիվ միացող ձախ պաշտպան՝ Վասկեսը, արդյո՞ք Սերոբյանը կրկին ստիպված է լինելու կենտրոնանալ պաշտպանողական գործողությունների վրա։
— Ճիշտ հակառակը․ դա նշանակում է, որ Սերոբյանը պետք է է՛լ ավելի սուր ու արդյունավետ գործի հարձակման գծում, որպեսզի Վասկեսը զրկվի առաջ շարժվելու և գրոհներին միանալու հնարավորությունից։
Միևնույն ժամանակ ուզում եմ ընդգծել, որ Արթուրը հիանալի է կատարում իր պաշտպանողական պարտականությունները։ Այն փաստը, որ նրա նկատմամբ այսքան մեծ հետաքրքրություն կա, և որ նա հունվարին հեռանալու է ակումբից, խոսում է հենց նրա բարձր որակների մասին։ Ժամանակակից ֆուտբոլում, երբ ակումբները ֆուտբոլիստ են ձեռք բերում, գնահատում են ոչ միայն նրա հարձակողական ներուժը, այլև պաշտպանվելու կարողությունը՝ անհրաժեշտության դեպքում նահանջելով ու գործելով հինգ պաշտպանի գծում։ Սերոբյանն այդ առումով գերազանց է գործում, և նա այս մակարդակին է հասել իր քրտնաջան աշխատանքի ու բնավորության շնորհիվ։
ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի լիգայի փուլի 4-րդ տուրի «Տորենսե» – «Արարատ-Արմենիա» հանդիպումը կկայանա Պորտուգալիայում նոյեմբերի 5-ին, Երևանի ժամանակով 23։55-ին։
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Տորենսեն» եվրագավաթային ուղեգիր է նվաճել երկրի գավաթակիր դառնալու շնորհիվ։


























































