Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան սոցիալական ցանցերի իր պաշտոնական էջերում անդրադարձել է Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում Համլետ Մանուկյանի նվաճած պատմական ոսկե մեդալին։
Հրապարակելով հայ մարմնամարզիկների լուսանկարները՝ միջազգային կառույցն ընդգծել է Մանուկյանի բացառիկ նվաճումը.
«Պատմությունը կերտված է: Համլետ Մանուկյանը նժույգ թափեր վարժությունում Հայաստանի պատմության մեջ առաջին աշխարհի չեմպիոնն է.»,- նշված է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ նժույգ թափեր վարժության եզրափակիչում 19-ամյա Համլետ Մանուկյանը վաստակել էր 15.300 միավոր և նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը, իսկ Մամիկոն Խաչատրյանը 15.000 միավորով դարձել էր բրոնզե մեդալակիր։
Հայաստանի հավաքականի կազմում ևս մեկ բրոնզե մեդալ էր նվաճել Եվրոպայի չեմպիոն Արթուր Ավետիսյանը, ով 3-րդն էր օղակների վարժությունում: Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, մեդալների համար պայքարի մեջ կմտնի Օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը, ով հանդես կգա հենացատկի վարժության եզրափակիչում։




























































