Հայկական սպորտի համար 2027 թվականը խոստանում է լինել բացառիկ հագեցած․ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Ազգային ժողովում ներկայացրել է 2027 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված սպորտային ծրագրերը՝ անդրադառնալով նաև «Հրազդան» մարզադաշտի ապագային։
Նախարարի խոսքով՝ ներկայումս «Հրազդանը» կարող է ընդունել շուրջ 21 հազար հանդիսական, սակայն տրիբունաների մի մասը վթարային է։ Այս պահին մարզադաշտի ամբողջական վերակառուցման ծրագիր չկա, քանի որ պետության առաջնահերթությունը Ակադեմիական քաղաքում նոր Ազգային մարզադաշտի կառուցումն է։ Այնուամենայնիվ, «Հրազդանի» ապագայի հարցում վերջնական որոշում դեռ չի կայացվել, իսկ 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի խաղերին ընդառաջ այնտեղ կվերանորոգվեն վազքուղին և անհրաժեշտ ենթակառուցվածքները՝ թեթև աթլետիկայի ու պարաթեթև աթլետիկայի մրցումներն ընդունելու համար։
2029 թվականին Հայաստանում և Վրաստանում կայանալիք Մ-20 աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու համատեքստում նախատեսվում է․
- Վանաձորում կառուցել ավելի քան 10 հազար տեղանոց մարզադաշտ,
- Իջևանում կառուցել նոր մարզադաշտ,
- Կապանում արդիականացնել գործող մարզադաշտը։
2027-ի բյուջեի նախագծով Վանաձորի և Իջևանի մարզադաշտերի շինարարական ու վերակառուցման աշխատանքների համար նախատեսված է ընդհանուր 7 միլիարդ դրամ։
2027 թվականի գլխավոր իրադարձություններից է Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը (հուլիսի 23 – օգոստոսի 1), որին կմասնակցի շուրջ 50 երկրի ավելի քան 4000 ներկայացուցիչ։ Բացի այդ, Հայաստանը կհյուրընկալի՝
- Ծանրամարտի աշխարհի առաջնությունը,
- Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը,
- Կարատեի Եվրոպայի պատանեկան, երիտասարդական և Մ-21 առաջնությունը,
- Բռնցքամարտի Եվրոպայի ավագ տարիքի պատանիների առաջնությունը,
- Լողափնյա վոլեյբոլի Եվրոպայի Մ-18 առաջնությունը,
- Սպորտային պարերի աշխարհի առաջնությունը,
- 500 կմ-ից ավելի երթուղով Tour of Armenia միջազգային հեծանվավազքը։
Այս միջոցառումների կազմակերպման համար բյուջեով նախատեսված է ավելի քան 5,4 միլիարդ դրամ։
Ավելի քան 800 մարզիկների և մարզիչների խրախուսման համար 2027-ին կհատկացվի շուրջ 2,47 միլիարդ դրամ։ Կշարունակվեն արվեստի և սպորտի 100 դպրոցների ու 100 բազմաֆունկցիոնալ մարզահրապարակների կառուցման, ինչպես նաև ոլորտի թվայնացման ծրագրերը։
Մասնավոր ներդրողների հետ համագործակցությամբ նախատեսվում է սկսել սպորտային բժշկության ենթակառուցվածքների ձևավորումը։ Անդրեասյանը նաև նշել է, որ Հայաստանում արդեն գործում են «Յուվենտուսի» և «Բենֆիկայի» հետ կապված ֆուտբոլային նախագծեր, իսկ մի շարք ակումբներ աշխատում են սեփական մարզադաշտերի ստեղծման ուղղությամբ։
Ընդհանուր առմամբ, ԿԳՄՍ նախարարության 2027 թվականի բյուջեն կգերազանցի 435 միլիարդ դրամը, որից 164,4 միլիարդը կուղղվի կապիտալ ծախսերին։



























































