Կրիշտիանու Ռոնալդուն կարող է ևս մեկ անգամ կրել Պորտուգալիայի ազգային հավաքականի մարզաշապիկը՝ հատուկ հրաժեշտի հանդիպման շրջանակում։ Չնայած գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշի հետ ունեցած լարված հարաբերություններին՝ այս տարբերակը շարունակում է մնալ քննարկման սեղանին։
Ինչպես հայտնում է The Athletic-ը, թե՛ Ռոնալդուն, թե՛ Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստ են քննարկել նման նախաձեռնությունը, որպեսզի երկրպագուները հնարավորություն ունենան անձամբ հրաժեշտ տալ ազգային թիմի պատմության ամենաազդեցիկ ֆուտբոլիստին։ Առայժմ հայտնի չեն հնարավոր հանդիպման ժամկետը, մրցակիցն ու ձևաչափը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռոնալդուն չի ցանկացել մասնակցել նոյեմբերի 14-ին Բրագայում Դանիայի դեմ խաղից առաջ իր պատվին կազմակերպված արարողությանը, որի ժամանակ թիմակիցները խաղադաշտ էին դուրս եկել 7-րդ համարի մարզաշապիկներով, իսկ 7-րդ րոպեին երկրպագուները ծափահարություններով հարգել էին նրան։
Միևնույն ժամանակ The Athletic-ը հերքել է տարածված լուրերը, թե Ռոնալդուն ֆեդերացիայից պահանջել է պաշտոնանկ անել Ժորժե Ժեզուշին՝ հավաքական վերադառնալու դիմաց։ Այնուամենայնիվ, հաստատվում է, որ սեպտեմբերին տեղի ունեցած միջադեպերից հետո նրանց հարաբերությունները կտրուկ վատթարացել են, և հոկտեմբերյան ու նոյեմբերյան հավաքների միջև ընկած շրջանում նրանք նույնիսկ չեն շփվել։
Ազգային թիմի հրաժեշտի խաղից բացի, քննարկվում է նաև առանձին հրաժեշտի միջոցառում կազմակերպելու տարբերակը՝ Ռոնալդուի նախկին ակումբների մասնակցությամբ։ Այս համատեքստում հիշատակվում է նաև Մադրիդի «Ռեալը», որտեղ պորտուգալացին հանդես է եկել 2009–2018 թվականներին։
Հիշեցնենք, որ 41-ամյա հարձակվողը նոյեմբերի 5-ին հայտարարեց հավաքականում իր 23-ամյա կարիերան ավարտելու մասին։ Պորտուգալիայի կազմում նա անցկացրել է 234 հանդիպում և խփել 146 գոլ (երկու ցուցանիշներն էլ համաշխարհային ռեկորդներ են)՝ դառնալով Եվրոպայի (2016) և Ազգերի լիգայի կրկնակի (2019, 2025) չեմպիոն։

























































