Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի առաջիկա ընտրություններում պաշտոնապես առաջադրել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանի թեկնածությունը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Առաջիկայում կայանալիք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում «Շիրակ» ֆուտբոլային ակումբը ՀՖՖ նախագահի պաշտոնի համար առաջադրել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանի թեկնածությունը»,- նշված է գյումրեցիների տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ դեռևս նոյեմբերի 6-ին Ղազարյանի թեկնածությունն առաջադրելու նախաձեռնությամբ էին հանդես եկել հայկական վեց երկրպագուական շարժումներ (FAF, RED EAGLES, ALFA FUN CLUB, SECTOR 18, BLACK PANTHERS և SOUTH WEST ULTRAS)՝ հայտարարելով պրոֆեսիոնալ թիմ ձևավորելու և ոլորտի մասնագետներին համախմբելու նպատակի մասին։ Նոյեմբերի 10-ին Ղազարյանը տեսաուղերձով հաստատել էր, որ ընդունում է առաջարկը՝ որպես առաջնահերթություններ նշելով համակարգային փոփոխությունները, մանկապատանեկան ֆուտբոլի ու ենթակառուցվածքների զարգացումը, մարզիչների կրթությունը և ակումբների հետ սերտ համագործակցությունը։
Հավելենք, որ ՀՖՖ նախագահի և Գործադիր կոմիտեի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, ֆեդերացիայի գլխավոր գրասենյակում անցկացվելիք 28-րդ հերթական ընտրական ժողովի ընթացքում։ Գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանն ավելի վաղ հայտնել էր, որ չի առաջադրվելու։ Մամուլում որպես հավանական թեկնածու շրջանառվում է նաև ՀՖՖ միջազգային հարցերով խորհրդական Դենիս Ջորկաեֆի անունը, սակայն նրա առաջադրումը դեռևս պաշտոնապես չի հաստատվել։
ՀՖՖ կանոնադրության համաձայն՝ ֆեդերացիայի յուրաքանչյուր անդամ կարող է առաջադրել մեկ թեկնածու, որի փաստաթղթերի համապատասխանությունը ստուգում է ՀՖՖ ընտրական կոմիտեն։ Առաջիկայում սպասվում է նաև Գևորգ Ղազարյանի թիմի և հայկական ֆուտբոլի զարգացման ծրագրի ներկայացումը։


























































