Իսպանիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ֆերնանդո Տորեսը The Athletic-ին տված հարցազրույցում վերհիշել է 2011 թվականին «Լիվերպուլից» «Չելսի» կատարած աղմկահարույց տեղափոխությունը։ Իսպանացին խոստովանել է, որ տարիների ընթացքում իր պատկերացումները ֆուտբոլային հաջողության և տիտղոսների մասին արմատապես փոխվել են։
Տորեսը բացահայտել է, որ «Լիվերպուլում» անցկացրած առաջին մրցաշրջանից հետո հնարավորություն է ունեցել տեղափոխվելու «Բարսելոնա», սակայն մերժել է, քանի որ երջանիկ էր Անգլիայում և սիրում էր Պրեմիեր լիգան։ 2010 թվականին կատալոնական ակումբը կրկին հետաքրքրություն է ցուցաբերել, բայց ի վերջո ընտրել է Դավիդ Վիլյային։ Ավելի ուշ Տորեսի ծառայություններով հետաքրքրվել են «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին», և նա նախընտրել է լոնդոնյան ակումբը՝ տիտղոսներ նվաճելու ձգտումով։
«Զգում էի, որ «Չելսիում» ավելի մեծ հնարավորություն կունենամ տիտղոսներ նվաճելու՝ հաշվի առնելով նրանց հիանալի կազմը։ Երբեմն ֆուտբոլում ստիպված ես գնալ քո ճանապարհով և մտածել, թե ինչն է լավագույնը քեզ համար։ Բայց այդ պահին չես գիտակցում, որ ցավ ես պատճառում այն մարդկանց, ովքեր քեզ ամեն ինչ են տվել։ Ես չէի հասկանում, թե որքան կարևոր էի «Լիվերպուլի» երկրպագուների համար, կարծում էի՝ պարզապես ֆուտբոլիստ եմ։ Երբ առաջին անգամ վերադարձա «Էնֆիլդ»՝ «Չելսիի» մարզաշապիկով, ինձ համար չափազանց դժվար էր։ Սարսափելի խաղ անցկացրի։ Առաջին անգամ էի տանը, բայց միաժամանակ տանը չէի»,- պատմել է Տորեսը։
Նախկին հարձակվողն ընդգծել է, որ չի զղջում բուն որոշման համար, քանի որ այդ պահին դա ճիշտ է համարել, սակայն ափսոսում է, որ չի կարողացել նորմալ զրուցել ակումբի նոր սեփականատերերի հետ և ցավ է պատճառել մերսիսայդցիների երկրպագուներին.
«Այն ժամանակ ինձ համար ամեն ինչ հանգում էր տիտղոսներ նվաճելուն։ Բայց տարիքի հետ հասկանում ես, որ դա ամենակարևորը չէ։ Ավելի կարևոր է մարդկանց հետ կապը, երջանիկ լինելը և ինչ-որ ավելի մեծ բանի մասնիկը զգալը»։
Տորեսը նաև առանձնացրել է իր կարիերայի ամենաթանկարժեք նվաճումը՝ նշելով, որ դա «Ատլետիկոյի» հետ նվաճած Եվրոպա լիգայի գավաթն է.
«Գուցե դա ամենահեղինակավոր մրցաշարը չէ, բայց վերջապես կարողացա տիտղոս նվաճել իմ հայրենիքում։ Խոսքը միայն գավաթների մասին չէ, այլ այն ժառանգության, որը թողնում ես քեզնից հետո։ Երբ երեխաներս տեսնում են, թե ինչպես են մարդիկ վերաբերվում ինձ, հասկանում եմ՝ որքան կարևոր է ամեն ինչ ճիշտ անելը»։
Հիշեցնենք, որ Ֆերնանդո Տորեսը «Լիվերպուլում» հանդես է եկել 2007-2011 թթ.՝ 142 խաղում դառնալով 81 գոլի հեղինակ։ 2011 թվականի հունվարին «Չելսին» նրա համար վճարել էր այն ժամանակ բրիտանական ֆուտբոլի համար ռեկորդային 50 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Լոնդոնյան ակումբի կազմում իսպանացին անցկացրել է 172 հանդիպում (45 գոլ)՝ նվաճելով Չեմպիոնների լիգան (2012), Եվրոպա լիգան (2013) և Անգլիայի գավաթը, իսկ 2018 թվականին հարազատ «Ատլետիկոյի» կազմում կրկին դարձել է Եվրոպա լիգայի հաղթող։



























































