Ֆրանսիական ՊՍԺ-ն և կատալոնական «Բարսելոնան» դարձել են անգլիական «Բորնմուտի» 20-ամյա հարձակվող Էլի Ժունիոր Կրուպիի տրանսֆերի գլխավոր հավակնորդները։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ թեև անգլիական ակումբի ղեկավարությունը ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում պահել ֆրանսիացի ֆուտբոլիստին, չի բացառվում, որ գործարքը կայանա հաջորդ ամռանը։ Նշվում է, որ Կրուպին ինքն էլ մտադիր է հեռանալ Անգլիայից, ուստի նրա վերադարձը Ֆրանսիայի Լիգա 1 կամ տեղափոխությունը իսպանական Լա լիգա միանգամայն իրատեսական է։ Հավելենք, որ ավելի վաղ երիտասարդ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված էր նաև Լոնդոնի «Արսենալը»։
Նշենք, որ ոտքի վնասվածքի պատճառով մրցաշրջանի մեկնարկը բաց թողած ֆուտբոլիստը վերջերս է ապաքինվել ու վերադարձել խաղադաշտ՝ հասցնելով նորամուտը նշել Ֆրանսիայի ազգային հավաքականում և անգամ խփել իր առաջին գոլն ընտրանու կազմում։
























































