Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտավ 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը։
Հայ ըմբիշը 1/16 եզրափակիչում հիանալի մեկնարկեց և ժամանակից շուտ առավելության հասավ Կորեայի Հանրապետության ներկայացուցչի նկատմամբ։ Սակայն 1/8 եզրափակիչում Խնձրցյանը լարված պայքարում՝ 7-8 հաշվով զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Աբուբաքար Մութալիևին։ Եթե վերջինս հաջողությամբ հաղթահարի հաջորդ փուլերն ու դուրս գա մրցաշարի եզրափակիչ, Մանվել Խնձրցյանը կսպասի սփոփիչ գոտեմարտ անցկացնելու և բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորությանը։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ անհաջող էին մեկնարկել և պարտություն էին կրել Հայաստանի հավաքականի մյուս երկու ներկայացուցիչները։ 74 կգ քաշային Նարեկ Հարությունյանը մեկնարկում զիջել էր Ինալբեկ Շերիևին, իսկ 79 կգ քաշային Հրայր Ալիխանյանը պարտվել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Իսմայիլ Խանիևին։ Նրանք նույնպես սպասում են իրենց մրցակիցների եզրափակիչ հասնելուն՝ սփոփիչ գոտեմարտի իրավունք ստանալու համար։


























































