Հոկտեմբերի 29-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկեց ազատ ոճի ըմբշամարտի 2026 թվականի աշխարհի առաջնությունը։
Մրցումային առաջին օրը Հայաստանի միակ ներկայացուցիչ Վազգեն Թևանյանը (65 կգ) տպավորիչ մեկնարկ ունեցավ՝ տանելով երեք անընդմեջ հաղթանակ և դուրս գալով կիսաեզրափակիչ։
Քառորդ եզրափակչում 26-ամյա հայ ըմբիշը սենսացիոն հաղթանակ տարավ մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկի, համաշխարհային դասակարգման աղյուսակի առաջատար, իրանցի Ռահման Ամուզադ Խալիլիի նկատմամբ։
Ամուզադը աշխարհի գործող կրկնակի չեմպիոն է և Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։
Գոտեմարտն ընթացավ ծայրահեղ լարված պայքարում, իսկ ելքը վճռվեց վերջին վայրկյաններին։ Գոտեմարտի ավարտից ընդամենը 4 վայրկյան առաջ Թևանյանը զիջում էր 1:2 հաշվով։ Սակայն իրանցի ըմբիշը, փորձելով պահպանել նվազագույն առավելությունը, խուսափում էր ակտիվ պայքարից։ Արդյունքում մրցավարները Ամուզադին պատժեցին պասիվության համար՝ հաշիվը դարձնելով 3:2՝ հօգուտ հայ մարզիկի։
Այսպիսով, Թևանյանը դրամատիկ պայքարում կորզեց հաղթանակը՝ ոսկե մեդալի համար պայքարից դուրս թողնելով քաշային կարգի ուժեղագույն ներկայացուցիչներից մեկին։
Աշխարհի 2026 թվականի առաջնությունում Վազգեն Թևանյանը պայքարը սկսեց 1/16 եզրափակչից, որտեղ 9:3 հաշվով վստահ հաղթանակ տարավ Մոնղոլիայի ներկայացուցիչ Զենեեմեդեր Բյամբասուրենի նկատմամբ։ Հաջորդիվ՝ 1/8 եզրափակչում, հայ ըմբիշը 2:1 հաշվով առավելության հասավ տանտերերի ներկայացուցիչ, ղազախ Օսիմժան Դաստանբեկի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 3:2 հաշվով պարտության մատնեց իրանցի Ռահման Ամուզադ Խալիլիին։ Կիսաեզրափակչում Թևանյանը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի Բուլղարիան ներկայացնող Շամիլ Մամեդովի հետ։
View this post on Instagram



























































