Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն և գավաթակիր երևանյան «Յունիսպորտը» իր առաջին հաղթանակը տոնեց ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի հիմնական փուլում՝ պահպանելով փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելու հնարավորությունը։
Լյուքսեմբուրգում անցկացվող 6-րդ խմբի երկրորդ տուրի շրջանակում հայկական ակումբն ուժերը չափեց մրցաշարի տանտերերի՝ Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դիֆերդանժի» հետ և կամային պայքարում առավելության հասավ 5:3 հաշվով։ Երևանյան թիմի կազմում մրցակցի դարպասը մեկական անգամ գրավեցին Պուտրուս Վասիլևը, Արթուր Մելքոնյանը, Մարկինյոսը (Էլիսանդրո), Գարեգին Մաշումյանը և Միհրան Դերմենջյանը։
Հիշեցնենք, որ մեկնարկային տուրում «Յունիսպորտը» 0:2 հաշվով զիջել էր լիտվական «Կաունո Ժալգիրիսին»: Խմբային փուլի եզրափակիչ՝ 3-րդ տուրի հանդիպումները կկայանան վաղը՝ հոկտեմբերի 30-ին։
Հավելենք, որ մինչ հիմնական փուլ հասնելը «Յունիսպորտը» փայլուն էր հանդես եկել Չեմպիոնների լիգայի նախնական փուլում՝ պարտության մատնելով էստոնական «Տալինին» (5:1), իսլանդական «Ռեյկյավիկին» (14:1) և գերմանական «Վայլիմդորֆին» (5:2)։




























































