Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ավարտին է մոտենում հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Հայաստանի հավաքականի կազմում բրոնզե մեդալակիր է դարձել 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը։
Բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշը 4-1 հաշվով առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցիչ Յարոսլավ Ֆիլչակովի նկատմամբ։ Գոտեմարտն ունեցել է դրամատիկ հանգուցալուծում. Թադևոսյանը հաղթանակը պոկել է վերջին վայրկյաններին պահանջած «չելենջի» (տեսակրկնության) շնորհիվ։ Նշենք, որ պարտությունից հետո ուկրաինացի ըմբիշը հրաժարվել է շնորհավորել Գևորգին։ Սա Թադևոսյանի կարիերայում առաջին մեդալն է մեծահասակների մրցաշարերում, ընդ որում՝ միանգամից աշխարհի առաջնությունում։
Բրոնզե մեդալի համար այսօր գորգ էր դուրս եկել նաև 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը։ Նրա մրցակիցը Օլիմպիական խաղերի չեմպիոն, Կուբան ներկայացնող Լուիս Օրտա Սանչեսն էր։ Լարված պայքարում Գալստյանը զիջել է 6-10 հաշվով և, ցավոք, զրկվել մեդալից։
Այսպիսով, Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն աշխարհի առաջնությունն ավարտում է երկու մեդալով՝ մեկ ոսկե և մեկ բրոնզե։
Հիշեցնենք, որ ավելի վաղ 63 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր Կարեն Ասլանյանը, որը եզրափակիչում փայլուն գոտեմարտ էր անցկացրել և 8-4 հաշվով տապալել Ադրբեջանի ներկայացուցիչ Նիհատ Մամեդլիին։



























































