Իսպանիայի Լա Լիգայի և Սեգունդայի առաջիկա հանդիպումներում մեկ րոպե լռությամբ կհարգեն Տոլեդոյում տեղի ունեցած երկաթուղային վթարի զոհերի հիշատակը։
Լա Լիգան և Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան պայմանավորվել են մեկ րոպե լռություն պահպանել Լա Լիգայի 11-րդ տուրի և Սեգունդայի 12-րդ տուրի բոլոր հանդիպումներից առաջ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ի առավոտյան երկու արագընթաց գնացքներ բախվել են Լոս Եբենես և Ուրդա համայնքների միջև ընկած երկաթուղային հատվածում։ Բախման հետևանքով գնացքներից մեկի երկու վագոն դուրս է եկել ռելսերից։
Հրապարակված տվյալների համաձայն՝ վթարի հետևանքով զոհվել է 68 մարդ, ևս առնվազն 179-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Բախված գնացքներում ընդհանուր առմամբ եղել է 544 ուղևոր։
Ավելի վաղ Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիան հայտնել էր, որ հոկտեմբերի 28-ին նախատեսված Իսպանիայի գավաթի բոլոր հանդիպումները հետաձգվել են և կանցկացվեն այլ օրերի։
«Լա Լիգան ցավակցություն է հայտնում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին և իր աջակցությունն առաջարկում բոլոր տուժածներին»,- նշված է Իսպանիայի առաջնության պաշտոնական հաղորդագրության մեջ։
Տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակը հարգել է նաև Մադրիդի «Ռեալը»։ Ակումբի մարզաբազայում մարզումից առաջ մեկ րոպե լռություն է հայտարարվել։



























































