ՖԻՖԱ-ն շուրջ 5 միլիարդ դոլար (3,8 մլրդ ֆունտ ստեռլինգ) է վաստակել ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում կայացած աշխարհի առաջնության խաղերի տոմսերի վաճառքից։ Այս մասին հաղորդում է The Times պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Համեմատության համար նշենք, որ պաշտոնական տվյալներով՝ Կատարում կայացած նախորդ Մունդիալի ժամանակ ՖԻՖԱ-ն տոմսերի վաճառքից ստացել էր 929 միլիոն դոլար։ Այսպիսով, վերջին առաջնության եկամուտը հինգ անգամ գերազանցում է նախորդ մրցաշարի ցուցանիշը։
Ի պատասխան The Times-ի հարցմանը, ՖԻՖԱ-ից հայտնել են, որ պաշտոնական թվերը կհրապարակվեն կառույցի տարեկան հաշվետվության մեջ։
Մասնակից հավաքականների քանակի ավելացման (48 թիմ) արդյունքում մրցաշարի շրջանակում կայացած հանդիպումների թիվը 64-ից հասել էր ռեկորդային 104-ի։ Միայն խմբային փուլում կայացել է 72 խաղ, ավելացել էր նաև 1/16 եզրափակիչի փուլը։
Աշխարհի վերջին առաջնության խաղերին ընդհանուր առմամբ ներկա է եղել Մունդիալների պատմության համար ռեկորդային՝ 6 810 966 երկրպագու։ Համեմատության համար՝ Կատարում կայացած բոլոր 64 հանդիպումներին ներկա է գտնվել շուրջ 3,4 միլիոն հանդիսական։ Մեկ խաղի միջին հաճախելիությունը Կատարի մրցաշարի համեմատ աճել է ավելի քան 12 հազարով։
Առաջնության ընթացքում շատ երկրպագուներ քննադատում էին տոմսերի արժեքը՝ դրանք համարելով չափազանց բարձր։ Սկզբնական շրջանում ամենաէժան տոմսի արժեքը կազմում էր 60 դոլար։ Խմբային փուլում մրցաշարն ընդունող երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հավաքականի խաղերի տոմսերն արժեին 560-ից մինչև 2735 դոլար։
Քառորդ եզրափակիչի տոմսերը հնարավոր էր ձեռք բերել 275-1690, կիսաեզրափակիչինը՝ 420-2780, իսկ երրորդ տեղի համար հանդիպման տոմսերը՝ 165-1000 դոլարով։
Նյու Ջերսիի մարզադաշտում կայացած եզրափակիչ խաղի առաջին կարգի տոմսերն արժեին 6370 դոլար, երկրորդ կարգինը՝ 4210, երրորդինը՝ 2790, իսկ չորրորդ կարգինը՝ 2030 դոլար։
Հիշեցնենք, որ աշխարհի վերջին առաջնությունն անցկացվել է 2026 թվականի հունիսի 11-ից հուլիսի 19-ը ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Սա պատմության մեջ առաջին դեպքն էր, երբ մրցաշարն անցկացվում էր միանգամից երեք երկրում։ Մրցաշարի եզրափակիչում Իսպանիան նվազագույն հաշվով հաղթեց Արգենտինային՝ իր պատմության մեջ երկրորդ անգամ հռչակվելով աշխարհի չեմպիոն։




























































