Անգլիայի Լիգայի գավաթի 2026/27 մրցաշրջանի 1/8 եզրափակչի կենտրոնական հանդիպման շրջանակում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ՝ «Էնֆիլդ» մարզադաշտում, հյուրընկալեց լոնդոնյան «Չելսիին» և լարված պայքարում նվաճեց քառորդ եզրափակչի ուղեգիր։
Դարեն Ինգլանդի սպասարկած հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով, ընդ որում՝ երկու գոլերն էլ խփվեցին առաջին խաղակեսի վերջնամասում՝ 11-մետրանոց հարվածներից։
40-րդ րոպեին տուգանային հրապարակում Ռայան Գրավենբերխը խախտեց կանոնները Մոյսես Կայսեդոյի նկատմամբ, և նշանակված 11-մետրանոցն անվրեպ իրացրեց լոնդոնցիների հարձակվողական ոճի կիսապաշտպան Մորգան Ռոջերսը։ Սակայն «կապույտների» ուրախությունը երկար չտևեց. ընդամենը երեք րոպե անց՝ 43-րդ րոպեին, արդեն «Չելսիի» պաշտպան Ուեսլի Ֆոֆանան սեփական տուգանայինում խախտեց կանոնները, և Կոդի Գակպոն 11-մետրանոց նշակետից վերականգնեց հավասարակշռությունը։ Երկրորդ խաղակեսում դարպասի գրավումներ չարձանագրվեցին, և հաղթողին որոշելու համար թիմերը դիմեցին հետխաղյա 11-մետրանոցների օգնությանը։
Ֆուտբոլային վիճակախաղում իսկական դրամա ծավալվեց, որտեղ ավելի դիպուկ և սառնասիրտ գտնվեցին մերսիսայդյան ակումբի ֆուտբոլիստները՝ հաղթելով 6:5 հաշվով։ Տանտերերի կազմում իրենց հարվածները չիրացրեցին Կոնստանտինոս Ցիմիկասն ու Ռայան Գրավենբերխը, սակայն հյուրերի կազմում վրիպեցին միանգամից երեք ֆուտբոլիստներ՝ Վալենտին Բարկոն, Էմանուել Էմեգան և հանդիպման հակահերոսներից մեկը դարձած Ուեսլի Ֆոֆանան։
Այսպիսով, «Լիվերպուլը» դուրս եկավ մրցաշարի 1/4 եզրափակիչ, որտեղ իր մրցակցին կիմանա վիճակահանության արդյունքում։ Քառորդ եզրափակչի հանդիպումները կկայանան դեկտեմբերի 14-ից մեկնարկող շաբաթվա ընթացքում։
Հիշեցնենք, որ մրցաշարի գործող գավաթակիրը «Մանչեսթեր Սիթին» է, որը նախորդ խաղարկության եզրափակչում 2:0 հաշվով հաղթել էր «Արսենալին»։ Անգլիայի Լիգայի գավաթի պատմության ամենատիտղոսակիր ակումբը հենց «Լիվերպուլն» է (10 գավաթ), որին հաջորդում են «Մանչեսթեր Սիթին» (9) և «Մանչեսթեր Յունայթեդը» (6):
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ



























































