Լոնդոնի «Տոտենհեմի» ուկրաինացի եզրային հարձակվող Միխայիլո Մուդրիկը Դմիտրի Գորդոնին տված ծավալուն հարցազրույցի ընթացքում առաջին անգամ մանրամասն խոսել է 2024 թվականի վերջին հանձնած դոպինգ-թեստի դրական արդյունքի մասին։
«Նախկինում մելդոնիումի մասին ընդհանրապես ոչինչ չգիտեի․ երբեք չէի լսել նման դեղամիջոցի մասին և չէի առնչվել դրան։ Դրա գոյության մասին իմացա միայն այն բանից հետո, երբ ինձ հայտնեցին դոպինգ-թեստի դրական արդյունքի վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, ես որոշակի ենթադրություններ ունեմ, թե ինչպես կարող էր այդ նյութը հայտնվել օրգանիզմումս։
Որքանով ինձ է հայտնի, նման դեղամիջոց կարելի է ձեռք բերել միայն Արևելյան Եվրոպայում։ Անգլիայում այն չկա, ուստի կարծում եմ, որ նյութը կարող էր օրգանիզմս ներթափանցել միայն Ուկրաինայում գտնվելու ընթացքում։ Իսկ այդ ժամանակահատվածում ես հայրենիք էի մեկնում բացառապես ազգային հավաքականի ճամբարին միանալու նպատակով։
Չեմ կարող բացառել տարբեր սցենարներ։ Ուկրաինայի հավաքականում ֆուտբոլիստների շուրջ տեղի ունեցող գործընթացների նկատմամբ վերահսկողությունը բավարար մակարդակով կազմակերպված չէ։ Ակումբներում ամեն ինչ այլ է․ կան պատասխանատու անձինք, որոնք հետևում են թիմին, մասնավորապես՝ արտագնա խաղերի ժամանակ կատարվող ամեն ինչին։ Իսկ հավաքականում սննդաբանը երկու օրը մեկ յուրաքանչյուր խաղացողի մոտեցնում է դեղահաբերով լի բաժակ, որոնք պետք է խմել․ խաղերից առաջ դա չի արվում։ Հետևաբար, տարբերակները, թե ինչպես է նյութը հայտնվել օրգանիզմումս, քիչ չեն։
Կարծում եմ, որ խնդիրը հենց Ուկրաինայի հավաքականում գործընթացների կազմակերպման մեջ է։ Ես չեմ մեղադրում թիմակիցներիս, խոսքը վերահսկողության պատշաճ համակարգի բացակայության մասին է, որը պարտադիր պետք է լինի ազգային հավաքականի մակարդակում»,- ասել է Մուդրիկը։
Հիշեցնենք, որ 2024 թվականի նոյեմբերին Մուդրիկը հեռացվել էր ֆուտբոլից՝ մելդոնիումի դրական դոպինգ-թեստի պատճառով։ 2026 թվականի հուլիսի վերջին ֆուտբոլիստի որակազրկումը չեղարկվեց, ինչից հետո նա երեք ստուգողական հանդիպում անցկացրեց «Չելսիի» կազմում, ապա վարձավճարով տեղափոխվեց «Տոտենհեմ», որտեղ անմիջապես վնասվածք ստացավ։




























































