Համաշխարհային թենիսի լեգենդ Ռաֆայել Նադալը պատրաստվում է նոր էջ բացել իր սպորտային կենսագրության մեջ՝ այս անգամ ֆուտբոլային կառավարման ոլորտում։ 40-ամյա իսպանացին ընդունել է Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի առաջարկը և շուտով կդառնա «արքայական» ակումբի տնօրենների խորհրդի անդամ։
Ինչպես տեղեկացնում է մադրիդյան գրանդի պաշտոնական կայքը, նոյեմբերի 4-ին կայացած տնօրենների խորհրդի նիստում որոշվել է Նադալի նշանակման հարցը ներկայացնել ակումբի պատվիրակների արտահերթ ընդհանուր ժողովի հաստատմանը։ Նիստը նախատեսված է նոյեմբերի 21-ին, որի ընթացքում էլ նշանակումը պաշտոնապես ուժի մեջ կմտնի։
«Ռեալը» հատուկ հայտարարությամբ ընդգծել է, որ համաշխարհային սպորտի մեծագույն ներկայացուցիչներից մեկի ներգրավումը կառավարման համակարգում մեծ պատիվ է ակումբի համար։ Մադրիդյան ակումբում առանձնացրել են ոչ միայն Նադալի տպավորիչ մարզական նվաճումները, այլև նրա աշխատասիրությունը, հաղթողի հոգեբանությունը, համեստությունն ու մրցակիցների նկատմամբ հարգանքը՝ որակներ, որոնք լիովին համահունչ են «Ռեալի» արժեհամակարգին։
Ինքը՝ Նադալը, որը «սերուցքայինների» վաղեմի երկրպագու է և ակումբի պատվավոր անդամ, սոցիալական ցանցերում արդեն արձագանքել է այս որոշմանը.
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Ֆլորենտինո Պերեսին և տնօրենների խորհրդին՝ ինձ «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում ընդգրկվելու առաջարկի համար։ Մեծ ոգևորությամբ եմ ընդունել այն՝ սովորելու ցանկությամբ և պատրաստակամությամբ՝ ներդնելու իմ բոլոր հնարավորությունները»։
Հիշեցնենք, որ մամուլում բազմիցս շրջանառվել են խոսակցություններ այն մասին, որ ապագայում Նադալը կարող է հավակնել անգամ «Ռեալի» նախագահի պաշտոնին, և տնօրենների խորհրդում ընդգրկվելը կարող է առաջին լուրջ քայլը լինել այդ ճանապարհին։
Ռաֆայել Նադալը պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2024 թվականի նոյեմբերին։ Մենախաղում նա նվաճել է 92 տիտղոս, որոնցից 22-ը՝ «Մեծ սաղավարտի» մրցաշարերում (այդ թվում՝ ռեկորդային 14 հաղթանակ «Ռոլան Գարոսում»)։ Իսպանացին նաև օլիմպիական կրկնակի չեմպիոն է (մենախաղում և զուգախաղում), Դևիսի գավաթի հնգակի հաղթող և ընդհանուր առմամբ 209 շաբաթ գլխավորել է ATP-ի համաշխարհային դասակարգման աղյուսակը։
























































