Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կանոնադրության մեջ կատարված վերջին փոփոխությունների վերաբերյալ՝ քննադատելով ընդունված որոշումը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին կայացած ՀՖՖ արտահերթ ժողովում էական փոփոխություններ են մտցվել կառույցի կանոնադրության մեջ։ 30 ակումբների պահանջով օրակարգ բերված նախագիծն ընդունվել է ձայների 29 կողմ, 2 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ։ Ըստ նոր կարգավորման՝ ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամի պաշտոնին հավակնող թեկնածուներից այլևս չի պահանջվի հայերենի պարտադիր իմացություն և վերջին մեկ տարում Հայաստանում մշտական բնակության փաստ։
Միևնույն ժամանակ, անփոփոխ են մնացել ՀՀ քաղաքացիություն ունենալու և առնվազն 25 տարեկան լինելու պահանջները։ Ժողովականները վերանայել են նաև կանոնադրության 38-րդ հոդվածը, որով մեկ ամբողջական ժամկետ է համարվելու միայն առնվազն երկու տարվա պաշտոնավարումը։
Նախագծին դեմ քվեարկած երկու ակումբներից մեկը՝ «Ուրարտուն», իր դիրքորոշումը հիմնավորող հայտարարությունը սկսել է Սիլվա Կապուտիկյանի հայտնի տողերով.
«…Ու տես, որդիս, ուր էլ լինես,
Այս լուսնի տակ ուր էլ գնաս,
Թե մորդ անգամ մտքից հանես,
Քո Մայր լեզուն չմոռանա՛ս»:
Երևանյան ակումբի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Մենք կարծում ենք, որ այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին։ Առաջադրումից առաջ Հայաստանում բնակվելու պահանջը տալիս էր գոնե նվազագույն երաշխիք, որ թեկնածուն ծանոթ է հայկական ֆուտբոլի իրողություններին և այն խնդիրներին, որոնց ակումբներն ամեն օր բախվում են։ Իսկ հայերենի իմացությունը հնարավորություն է տալիս աշխատելու կազմակերպության ողջ փաստաթղթաշրջանառության հետ, որը վարվում է պետական լեզվով։
ՀՖՖ կանոնադրության ցանկացած փոփոխություն պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը։ Ընտրություններին մասնակցելու չափանիշները պետք է արտացոլեն ազգային ֆեդերացիայի ղեկավարության պատասխանատվությունը երկրի ֆուտբոլային հանրության առջև։ Հետևաբար, «Ուրարտու» ՖԱ-ն հանդես է գալիս երկու պահանջների պահպանման օգտին։
«Ուրարտու» ՖԱ-ի համար առաջնային նշանակություն ունի ՀՖՖ նախագահի արդար ընտրությունների անցկացումը։ Այս հարցում ակումբի հետագա բոլոր քայլերն ուղղված են լինելու ընտրական գործընթացի թափանցիկության ապահովմանը»։
Հավելենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ լեզվական և բնակության ցենզի վերացումը կարող է ճանապարհ հարթել Դենիս Ջորկաեֆի համար՝ ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու նպատակով։ Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ նրա թեկնածությունն առաջ է մղում ՖԻՖԱ-ն՝ «քաղաքական միջամտության» ճանապարհով։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները կայանալու են դեկտեմբերի երկրորդ կեսին։


























































