Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող և «Ոսկե գնդակի» նորընծա դափնեկիր Հարի Քեյնը Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ կայանալիք հանդիպումից առաջ անկեղծ խոստովանություն է արել իսպանական ֆուտբոլի և իր կարիերայի ուղու վերաբերյալ։
Անգլիացի գոլահարը նաև պատմել է, թե արդյոք հասցրել է շփվել «Բարսելոնայի» և «Ռեալի» աստղեր Լամին Յամալի ու Կիլիան Մբապեի հետ՝ «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ժամանակ։
«Իսպանական ֆուտբոլը հսկայական դեր է խաղացել իմ կյանքում։ Մանկության տարիներին ես հետևում էի Իսպանիայի հավաքականին․ նրանք հաղթում էին աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, ու ես մեծ հարգանքով եմ վերաբերվում նրանց։ Մեսսիի և Ռոնալդուի դարաշրջանում «Բարսելոնային» ու «Ռեալին» հետևելը բարձրագույն մակարդակի ֆուտբոլ էր։ Իհարկե, հիանալի կլիներ խաղալ Լա լիգայում ու ուժերս չափել նման ֆուտբոլիստների հետ, սակայն ես Իսպանիայում հանդես գալու իրական հնարավորություն երբեք չեմ ունեցել։
Ես երկար տարիներ անցկացրի «Տոտենհեմում» և այնտեղ երջանիկ էի, իսկ երբ հնարավորություն ընձեռվեց տեղափոխվել «Բավարիա», ես որոշեցի օգտվել դրանից։ Ի վերջո, յուրաքանչյուրի կարիերայի ուղին տանում է որոշակի վայր, ու ես շատ ուրախ եմ, որ իմ ուղին ինձ բերեց Մյունխեն, քանի որ, ինչպես տեսնում եք, ես այստեղ անչափ երջանիկ եմ»,- Քեյնի խոսքերն է մեջբերում AS պարբերականը։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հասցրել է մրցանակաբաշխության ժամանակ զրուցել Մբապեի կամ Յամալի հետ, Քեյնը նշել է.
«Ոչ, երեկոն շատ խառնաշփոթ ստացվեց. ամեն ինչ ձգձգվեց, և իմ ելույթից հետո բոլորն ուղղակի ցանկանում էին օր առաջ տուն գնալ»։
Հավելենք, որ անգլիացի հարձակվողի գործող պայմանագրի ժամկետը մյունխենյան ակումբի հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Միևնույն ժամանակ, Քեյնը մոտ է «Բավարիայի» հետ համաձայնագրի երկարաձգմանը․ սպասվում է, որ նա կհամաձայնի մնալ ակումբում ևս 2 կամ 3 տարի։
























































