Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է վերադառնալ թիմի մեկնարկային կազմ Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 4-րդ տուրի՝ «Ֆեյենորդի» դեմ արտագնա հանդիպմանը։
Իտալական հեղինակավոր պարբերականների փոխանցմամբ՝ «ներաձուրիների» գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն լրջորեն դիտարկում է հայ ֆուտբոլիստին առաջին րոպեներից խաղադաշտ դուրս բերելու տարբերակը։
Նոյեմբերի 3-ին Ռոտերդամում կայանալիք մրցավեճին «Ինտերը» մոտենում է միլանյան դերբիում կրած ցավալի պարտությունից (1։3) հետո և ձգտում է հնարավորինս արագ վերականգնել հաղթական ընթացքը։
Ըստ Sky Sport Italia-ի և SportMediaset-ի՝ խիտ խաղացանկով պայմանավորված՝ Կիվուն պատրաստվում է թարմացնել միջին գիծը և մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս բերել Հենրիխ Մխիթարյանին ու Պյոտր Զելինսկիին։
La Gazzetta dello Sport-ը և L’Interista-ն իրենց հերթին նշում են, որ ռումինացի մասնագետը, ամենայն հավանականությամբ, հանգստի հնարավորություն կտա Հական Չալհանօղլուին ու Պետար Սուչիչին՝ կիսապաշտպանությունը վստահելով Բարելա – Զելինսկի – Մխիթարյան եռյակին։ Իտալացի վերլուծաբաններն ընդգծում են, որ հայ կիսապաշտպանի փորձն ու խաղի տեմպը վերահսկելու ունակությունը վճռորոշ նշանակություն կունենան նիդերլանդական ակումբի դեմ բարդ արտագնա խաղում։
Փոփոխություններ են սպասվում նաև մյուս օղակներում։ Որակազրկված Ալեսանդրո Բաստոնիի փոխարեն պաշտպանության ձախ եզրում կգործի Կառլոս Աուգուստոն։ Հարձակման գծում՝ Լաուտարո Մարտինեսի բացակայության պայմաններում, Մարկուս Թյուրամի խաղընկերը կլինի երիտասարդ Պիո Էսպոզիտոն, որի՝ մեկնարկային կազմում հայտնվելու շանսերն ավելի բարձր են գնահատվում, քան Անժ-Յոան Բոնիինը։
Մրցաշարային տեսանկյունից հանդիպումը չափազանց կարևոր է միլանյան ակումբի համար․ Չեմպիոնների լիգայի մեկնարկային երեք տուրերում «Ինտերը» վաստակել է ընդամենը 3 միավոր՝ զիջելով Մադրիդի «Ռեալին» (1։2) և «Բրյուգեին» (3։4), և միայն նվազագույն հաշվով (1։0) առավելության հասնելով Դոնեցկի «Շախտյորի» նկատմամբ։
Հավելենք, որ «Ֆեյենորդ» – «Ինտեր» հանդիպումը կմեկնարկի նոյեմբերի 3-ին՝ Երևանի ժամանակով կեսգիշերին (00:00)։
























































