Չինաստանի Նինբո քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր՝ նոյեմբերի 2-ին, Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը մրցահարթակ դուրս եկավ Մարտին Պողոսյանը (85 կգ)։
Հայ ծանրորդը հանդես եկավ C խմբում և միջանկյալ հաշվարկում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։
Պոկում վարժությունում երիտասարդ մարզիկը հաջողությամբ կատարեց միայն մեկ մոտեցում՝ բարձրացնելով 147 կգ և միջանկյալ արդյունքով դառնալով հինգերորդը։ Հրում վարժությունում Պողոսյանը շատ ավելի վստահ հանդես եկավ: Երկրորդ փորձից նա գլխավերևում պահեց 185 կգ, իսկ այնուհետև հաջողությամբ հաղթահարեց նաև 190 կգ կշռող ծանրաձողը՝ այս վարժությունում գրանցելով լավագույն միջանկյալ արդյունքը։
Երկամարտի 337 կգ արդյունքով Պողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղը՝ զիջելով միայն Ռուսաստանը ներկայացնող հայազգի Գևորգ Սերոբյանին, որի արդյունքը երկամարտում 347 կգ է։
Նշենք, որ այս քաշային կարգում դեռ սպասվում են երկու տասնյակից ավելի ծանրորդների ելույթները։ Հիշեցնենք նաև, որ աշխարհի առաջնության մրցումային այս օրը Հայաստանն ունի ևս մեկ մասնակից. նույն քաշային կարգի B խմբում Ռաֆիկ Հարությունյանն արդեն մրցահարթակ է դուրս եկել և պայքարի մեջ է մտել։



























































