Չինաստանի Նինբո քաղաքում շարունակվող ծանրամարտի մեծահասակների աշխարհի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կորուստ ունի։ Եվրոպայի կրկնակի չեմպիոն և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Գոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակել պայքարը կարևորագույն ստուգատեսում։
Հայ ծանրորդը հայտավորված էր 75 կգ քաշային կարգի A խմբում և պետք է մեդալների համար պայքարեր այսօր, սակայն վնասվածքի պատճառով այդպես էլ մրցահարթակ դուրս չի եկել։ Արդյունքում Սահակյանը երկամարտում արդյունք չի գրանցել և ժամանակից շուտ ավարտել է մրցելույթներն աշխարհի առաջնությունում։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ նույն քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Տիգրան Կարապետյանը, հանդես էր եկել C խմբում։ Նինբոյում ընթացող աշխարհի առաջնությունը առաջին վարկանիշային մրցաշարն է Լոս Անջելես-2028-ի Օլիմպիական խաղերի համար։



























































