Կատալոնական «Բարսելոնան» կարևոր համալրում է ստացել պաշտպանության գծում։ Ակումբի ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեն, որը վնասվածքի պատճառով շարքից դուրս էր մնացել շուրջ մեկ ամիս, վերադարձել է ընդհանուր խմբի մարզումներին։
«Բարսելոնայի» պաշտոնական կայքը հաստատել է, որ նոյեմբերի 19-ին կայացած մարզման սկզբնական հատվածը թիմակիցների հետ են անցկացրել Կունդեն, Դանի Օլմոն, Պաու Կուբարսին և Ֆրենկի դե Յոնգը։
Հիշեցնենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը ձախ կոճի կապանների ձգվածք էր ստացել հոկտեմբերի 17-ին՝ Լա լիգայի շրջանակում «Բետիսի» դեմ կայացած խաղում։ Թեև սկզբնական կանխատեսումներով նրա ապաքինումը պետք է տևեր մոտ մեկ շաբաթ, վերականգնողական գործընթացը սպասվածից ավելի երկար է ձգվել։
Իսպանական AS պարբերականի տեղեկություններով՝ Կունդեի վերադարձը զգալիորեն մեծացնում է նրա՝ «Վիլյառեալի» դեմ առաջիկա խաղին մասնակցելու հավանականությունը։ Այդուհանդերձ, պաշտպանը դեռևս չի ստացել բժշկական շտաբի վերջնական թույլտվությունը լիարժեք ծանրաբեռնվածության համար։ Ակնկալվում է, որ եթե նա հայտնվի հայտացուցակում, հանդիպումը կսկսի պահեստայինների նստարանից։
Հավելենք, որ Լա լիգայի 13-րդ տուրի «Բարսելոնա» – «Վիլյառեալ» հանդիպումը կկայանա նոյեմբերի 22-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին։ 12 տուրից հետո Հանսի Ֆլիկի սաները 33 միավորով (11 հաղթանակ, 1 պարտություն, գոլերի տարբերությունը՝ 48-13) միանձնյա գլխավորում են մրցաշարային աղյուսակը։

























































