Բրազիլիայի հավաքականի և «Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեսը հնչեղ հայտարարություն է արել՝ համեմատելով ֆուտբոլային կարիերայի ֆինանսական հաջողություններն ու բանտում անցկացրած ժամանակահատվածը։
43-ամյա բրազիլացին Գվատեմալայում անցկացված կրոնական միջոցառմանը հանդես է եկել որպես ավետարանական քարոզիչ։ Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում նա պատմել է կյանքի դժվարին շրջանի և հավատքի միջոցով ունեցած փոփոխությունների մասին։
«Աստծո և ֆուտբոլի շնորհիվ ես միլիոնավոր եվրոներ էի վաստակում, բայց բանտում՝ մաքրության աշխատանքների դիմաց ընդամենը 113 եվրո ստանալով, ավելի երջանիկ էի, քան միլիոններ աշխատելիս»,- ասել է Ալվեսը։
Նրա խոսքով՝ ազատազրկման ընթացքում նյութական արժեքներն ու նախկին հաջողությունները կորցրել են իրենց իմաստը, իսկ առաջնային է դարձել Աստծո հետ կապը․
«Նախկինում ֆուտբոլ էի խաղում, իսկ հետո հայտնվեցի բանտում՝ մաքրություն անելով։ Բայց ես իմ Հոր հետ էի։ Ինքս ինձ հարցնում էի՝ ի՞նչ արժեք ունեն միլիոնավոր եվրոները, եթե չունես Հայր։ Ի՞նչ իմաստ ունի նվաճել ամբողջ աշխարհը, եթե ոչինչ չունես»։
Տեսանյութի հայերեն թարգմանությունը՝ ստորև․
«Որովհետև իմ Հայրն է ոսկու և արծաթի տերը, ուստի ես ոչնչի կարիք չունեմ։ Ասված է, որ Նրա ներկայությամբ կա լիություն և ցնծություն, այնպես որ ես այլևս կարիք չունեմ, որ ֆուտբոլը լցնի ինձ․ ես արդեն լի եմ՝ լի եմ Սուրբ Հոգով։ Ամեն օր փնտրում եմ Նրան և ավելի եմ մերձենում Նրա հետ։ Նրա առջև երեխայի պես եմ, շատ հարցեր եմ տալիս։
Նրան ամեն ինչ հարցնում եմ։ Կարծում եմ՝ Նա ասում է. «Դանի, վերջացրու, դադարիր հարցեր տալ»։ Բայց ես պատասխանում եմ. «Ոչ, ես ուզում եմ ավելի լավ ճանաչել Քեզ, իսկ դրա համար պետք է հարցնեմ»։
Բայց տեսեք՝ ինչպես են դասավորվում իրավիճակները։ Ես միլիոն եվրո էի վաստակում Աստծո և ֆուտբոլի շնորհիվ, թեև այդ ժամանակ չէի գիտակցում դա։ Բայց բանտում, վաստակելով ընդամենը 113 եվրո, ես ավելի երջանիկ էի, քան միլիոններ աշխատելիս»։
Ալվեսը հավելել է, որ ներկայումս իր կյանքը կառուցում է հավատքի շուրջ և շարունակում է մասնակցել կրոնական միջոցառումների՝ մարդկանց հետ կիսվելով սեփական փորձով։
Հիշեցնենք, որ Դանի Ալվեսը ձերբակալվել էր 2023 թվականի հունվարին՝ Բարսելոնայի գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած ենթադրյալ սեռական բռնության գործով։ 2024 թվականի փետրվարին առաջին ատյանի դատարանը նրան դատապարտեց 4,5 տարվա ազատազրկման։ Շուրջ 14 ամիս կալանքի տակ մնալուց հետո՝ 2024-ի մարտին, նա ազատ արձակվեց 1 միլիոն եվրո գրավի դիմաց։ Իսկ 2025 թվականի մարտի 28-ին Կատալոնիայի արդարադատության բարձրագույն դատարանը միաձայն բեկանեց դատավճիռն ու արդարացրեց բրազիլացուն՝ ապացույցների գնահատման մեջ հակասությունների և անմեղության կանխավարկածի խախտման հիմքով։ Դատախազությունը հայտարարել էր որոշումը Գերագույն դատարանում բողոքարկելու մտադրության մասին։
Ֆուտբոլային կարիերայի ընթացքում Ալվեսը հանդես է եկել «Բարսելոնայում», «Յուվենտուսում», ՊՍԺ-ում, «Սևիլիայում» և այլ ակումբներում։ Նա ֆուտբոլի պատմության ամենատիտղոսակիր խաղացողներից է՝ իր հաշվին ունենալով 46 պաշտոնական տիտղոս (այդ թվում՝ 3 Չեմպիոնների լիգա և 6 Լա Լիգա «Բարսելոնայի» կազմում)։ Բրազիլիայի հավաքականում անցկացրել է 126 հանդիպում՝ երկու անգամ դառնալով Ամերիկայի գավաթի հաղթող։
























































