Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը ցուցադրում է արդյունավետ ելույթներ «Տեներիֆեի» կազմում։ Իսպանիայի գավաթի խաղարկությունում «Բադախոսի» դեմ ձևակերպած դուբլից հետո հայ ֆուտբոլիստը հայտնվել է իսպանական հեղինակավոր AS պարբերականի ուշադրության կենտրոնում։
Նոյեմբերի 18-ին կայացած արտագնա խաղում «Տեներիֆեն» 5:2 հաշվով հաղթել է չորրորդ դիվիզիոնը ներկայացնող «Բադախոսին» և դուրս եկել 1/32 եզրափակիչ։ Ռանոսը բացել է հանդիպման հաշիվն արդեն 6-րդ րոպեին՝ Մարկ Մատեուի փոխանցումից հետո, իսկ 38-րդ րոպեին կրկնապատկել է իր գոլերի քանակը՝ Ժերար Վալենտինի փոխանցումից հետո կատարելով տպավորիչ տեխնիկական գործողություն։
AS-ը նոյեմբերի 19-ին հրապարակել է «Լեոն-Ռանոսն օգտագործում է իր խաղաժամանակը» վերնագրով հոդված՝ ընդգծելով, որ հարձակվողը Բադախոսից հեռացել է ավելի ամրապնդված դիրքերով և լիարժեք օգտվել է «Տեներիֆեի» մեկնարկային կազմում իր առաջին հնարավորությունից։
Հանդիպումից հետո հայ ֆուտբոլիստի խաղը բարձր է գնահատել նաև թիմի գլխավոր մարզիչ Ալվարո Սերվերան․ «Նա գոլեր խփող ֆուտբոլիստ է, այսօր բախտ ունեցավ երկու գոլ խփելու։ Լավ խաղաց»։
Հիշեցնենք, որ 23-ամյա հարձակվողը «Տեներիֆե» է տեղափոխվել այս ամռանը և նոր ակումբի կազմում անցկացրած 3 հանդիպման ընթացքում արդեն խփել է 3 գոլ (նախկինում նա աչքի էր ընկել Լա Լիգա 2-ի «Կորդոբայի» դեմ խաղում)։ Ուշագրավ է նաև, որ «Տեներիֆեն» մեկ խաղում 5 գոլ վերջին անգամ խփել էր 2018 թվականի փետրվարին՝ 5:1 հաշվով հաղթելով նույն «Կորդոբային»։ Իսպանիայի գավաթի 1/32 եզրափակիչում թիմի մրցակիցը հայտնի կդառնա վիճակահանությամբ։
























































