«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի լեգենդար ավագ Կառլես Պույոլը վերադարձել է ֆուտբոլային կառավարման ոլորտ։ 48-ամյա իսպանացին ստանձնել է Անդորրայի «Ինտեր Էսկալդես» ակումբի միջազգային կապերի և ֆուտբոլի տնօրենի պաշտոնը։ Այս մասին պաշտոնապես հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։
Պույոլն ակումբի ղեկավար կազմին միացել է նոյեմբերի 19-ին։ Նրա հիմնական առաքելությունը լինելու է միջազգային կապերի ընդլայնումն ու ակումբի հետագա զարգացումը՝ ինչպես մարզական, այնպես էլ կազմակերպչական մակարդակներում։
«Ցանկանում եմ շնորհավորել ակումբին մինչ այժմ գրանցած բոլոր հաջողությունների համար։ Հաղթելը միշտ դժվար է, բայց բարձր մակարդակի վրա մնալը՝ էլ ավելի։ Մեր մարտահրավերն է շարունակել աշխատել նույն հավակնություններով ու մոտիվացիայով՝ աճելու և նոր նպատակների հասնելու համար»,- նշել է Պույոլը։
Նոր պաշտոնում Պույոլը կրկին կհամագործակցի «Ինտեր Էսկալդեսի» գլխավոր մարզիչ Ֆելիպ Օրտիսի հետ, որի հետ ժամանակին խաղացել է «Բարսելոնայի» երիտասարդական թիմերում և մինչ օրս մտերիմ ընկերներ են։
Ուշագրավ է, որ Պույոլը 2022 թվականից բնակվում է Անդորրայում։ Marca-ի տեղեկություններով՝ ավելի վաղ նա բանակցություններ է վարել նաև իր նախկին խաղընկեր Ժերար Պիկեի հետ՝ վերջինիս պատկանող «Անդորրա» ակումբի մարզական ղեկավարությունում ընդգրկվելու շուրջ, սակայն մերժել է այդ առաջարկը։
«Ինտեր Էսկալդեսը» Անդորրայի գործող չեմպիոնն է և պատմություն է կերտել՝ դառնալով երկրի առաջին ակումբը, որը դուրս է եկել եվրագավաթի հիմնական՝ լիգայի փուլ։ Կոնֆերենցիաների լիգայի 2026/27 մրցաշրջանում անդորրական թիմն արդեն հանդիպել է շվեդական «Մյելբյուին», ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովային» և սերբական «Ցրվենա Զվեզդային», իսկ դեկտեմբերի 10-ին ուժերը կչափի իսպանական «Խետաֆեի» հետ։
Հիշեցնենք, որ Կառլես Պույոլն իր ողջ պրոֆեսիոնալ կարիերան (1999–2014) անցկացրել է «Բարսելոնայում»՝ մասնակցելով ավելի քան 600 հանդիպման և նվաճելով 21 տիտղոս (այդ թվում՝ 3 Չեմպիոնների լիգա և 6 Լա Լիգա)։ Իսպանիայի հավաքականի կազմում նա անցկացրել է 100 խաղ՝ դառնալով Եվրոպայի (2008) և աշխարհի (2010) չեմպիոն։ Կարիերան ավարտելուց հետո Պույոլը կարճ ժամանակ աշխատել էր «Բարսելոնայի» մարզական կառավարման համակարգում՝ Անդոնի Սուբիսարետայի կողքին, սակայն 2015 թվականի հունվարին հեռացել էր պաշտոնից։


























































