Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հստակեցրել է իր դիրքորոշումը 2027 թվականի մարտին կայանալիք ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում։ Հայկական ֆուտբոլային կառույցը կսատարի Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ֆիլիպ Դիալոյի թեկնածությունը։
Այս որոշումը կայացվել է նոյեմբերի 16-ին՝ ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի գլխավորությամբ անցկացված գործադիր կոմիտեի նիստում։ Եվրոպական ֆուտբոլային ընտանիքը հանդես է եկել միասնական ճակատով. ֆրանսիացի պաշտոնյայի թեկնածությանը միաձայն հավանություն են տվել ինչպես ՈւԵՖԱ-ի գործկոմի բոլոր անդամները՝ ներառյալ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, այնպես էլ ՖԻՖԱ-ի խորհրդի բոլոր եվրոպական ներկայացուցիչները։
Անդրադառնալով եվրոպական միասնական թեկնածուի ընտրությանը՝ ՀՖՖ նախագահ և ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ Արմեն Մելիքբեկյանը նշել է.
«Լավ ճանաչում եմ պարոն Դիալոյին որպես բարձրակարգ և պրոֆեսիոնալ պաշտոնյայի՝ ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեում մեր համատեղ աշխատանքից։ Վստահ եմ, որ նա ունի անհրաժեշտ բոլոր որակները ՖԻՖԱ-ն գլխավորելու և կառույցը հաջողությամբ ղեկավարելու համար»։
Հատկանշական է, որ դեռևս այս տարվա օգոստոսին ՀՖՖ-ն պաշտոնական նամակով տեղեկացրել էր ՖԻՖԱ-ին, որ գալիք ընտրություններում չի պատրաստվում աջակցել կառույցի գործող նախագահ Ջանի Ինֆանտինոյին։



























































