Կրիշտիանու Ռոնալդուի՝ Պորտուգալիայի ազգային հավաքականում կարիերան ավարտելու պատմական որոշումն անտարբեր չի թողել նաև նրա վաղեմի մրցակից, ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանին։ Ամերիկյան «Օռլանդո Սիթիի» ֆուտբոլիստը խոստովանել է, որ տխրել է պորտուգալացի աստղի հեռանալու լուրից՝ բարձր գնահատելով նրա թողած ժառանգությունը։
«Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալն ինձ շատ տխրեցրեց։ Նա բացարձակ լեգենդ է, իսկական մեքենա՝ աշխատասիրության, գոլեր խփելու և հաղթելու հարցում։ Ինձ շատ էր դուր գալիս նրա դեմ խաղալը, իսկ այն, ինչ նա արել է Պորտուգալիայի հավաքականի համար, պատմական նշանակություն ունի։ Նրան փոխարինելը չափազանց դժվար կլինի»,- նշել է Գրիզմանը։
Հիշեցնենք, որ 41-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն նոյեմբերի 5-ին պաշտոնապես հայտարարեց ազգային ընտրանու կազմում ելույթներն ավարտելու մասին՝ վերջակետ դնելով 23 տարի տևած փառահեղ միջազգային կարիերային։ Պորտուգալիայի հավաքականի մարզաշապիկով հարձակվողն անցկացրել է 234 հանդիպում և խփել 146 գոլ. երկու ցուցանիշներն էլ բացարձակ ռեկորդ են թիմի պատմության մեջ։
Ազգային թիմի կազմում Ռոնալդուն նվաճել է Եվրոպայի 2016 թվականի առաջնության գավաթը, ինչպես նաև երկու անգամ դարձել է Ազգերի լիգայի հաղթող (2019, 2025 թթ.)։ Բացի այդ, նա ֆուտբոլի պատմության մեջ առաջին խաղացողն է, որին հաջողվել է գոլի հեղինակ դառնալ աշխարհի վեց տարբեր առաջնություններում։
Թեև միջազգային կարիերան ավարտված է, պորտուգալացին շարունակում է ելույթները Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբում՝ նպատակ ունենալով հասնել պրոֆեսիոնալ կարիերայում 1000 գոլի պատմական սահմանագծին։
Հավելենք, որ առանց իր երկարամյա ավագի Պորտուգալիայի հավաքականն արդեն հասցրել է անցկացնել առաջին հանդիպումը՝ նոյեմբերի 14-ին սեփական հարկի տակ 1:4 հաշվով զիջելով Դանիայի ընտրանուն։



























































