Կրիշտիանու Ռոնալդուի մայրը՝ Դոլորեշ Ավեյրուն, չի թաքցրել իր վրդովմունքը Պորտուգալիայի ազգային հավաքականում որդու նկատմամբ դրսևորված վերաբերմունքի առնչությամբ և անկեղծորեն խոստովանել է, որ անգամ ուրախ է Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլում Դանիայի ընտրանուց կրած խոշոր պարտության (1-4) համար։ Այս մասին հայտնում են պորտուգալական A Bola պարբերականը։
Այս հանդիպումը պորտուգալացիների համար առաջինն էր ազգային թիմում Ռոնալդուի կարիերան ավարտելուց հետո։ Խաղից առաջ կայացել էր հարձակվողի մեծարման արարողությունը․ Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստները խաղադաշտ էին դուրս եկել 7 համարի մարզաշապիկներով, իսկ «Էշտադիու Մունիսիպալ դե Բրագա» մարզադաշտում հավաքված երկրպագուները պարզել էին «Շնորհակալությո՛ւն, ավագ» գրությամբ պաստառ և հանդիպման 7-րդ րոպեից սկսել են վանկարկել Ռոնալդուի անունը։
Այնուամենայնիվ, Դոլորեշ Ավեյրուն խիստ քննադատության է ենթարկել թե՛ հավաքականի ֆուտբոլիստներին, թե՛ կազմակերպված միջոցառումը․
«Ռոնալդուն վշտացած է․ նա կցանկանար, որ ամեն ինչ այլ կերպ դասավորվեր։ Նա վրդովված է, որովհետև իրեն խաբել են, և ես նույնպես վշտացած եմ։ Հիմա նրանք պարտվեցին Բրագայում։ Նրանք արժանի էին այդ պարտությանը, լավ եղավ, որ պարտվեցին․ ես անգամ ուրախ եմ դրա համար։ Կրիշտիանուի հանդեպ հարգանք չցուցաբերեցին»,- Ավեյրուի խոսքերն է մեջբերում A Bola-ն։
Հարցին, թե արդյոք ազգային թիմի խաղացողները հարգում էին իրենց ավագին, Ռոնալդուի մայրը կտրուկ է պատասխանել․
«Ո՛չ, նրանցից ոչ մեկը։ Ես հենց այդպես եմ զգում․ նրան չէին հարգում նույնիսկ թիմակիցները։ Ինձ դուր չեկավ Բրագայում կազմակերպված մեծարման արարողությունը, քանի որ նման միջոցառումները պետք է անցկացվեն նրա ներկայությամբ, այլ ոչ թե առանց նրա։ Իսկական հարգանքի տուրք նրան կմատուցի «Սպորտինգը»․ ահա այնտեղ նրան իսկապես գնահատում են»։
Հավելենք, որ Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին տուրից առաջ Պորտուգալիայի հավաքականը 12 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ 3 միավորով առաջ անցնելով երկրորդ հորիզոնականում ընթացող Դանիայից։ Պորտուգալացիներն իրենց հաջորդ հանդիպումը կանցկացնեն նոյեմբերի 17-ին՝ հյուրընկալվելով Ուելսի ընտրանուն։
























































