Մադրիդի «Ռեալը» գալիք ամռանը կարող է իրականացնել համաշխարհային ֆուտբոլի պատմության ամենաաղմկահարույց տրանսֆերներից մեկը։ «Արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսն օրեցօր ավելի վստահ է դառնում, որ «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի գոլահար Էրլինգ Հալանդը հաջորդ մրցաշրջանից հանդես կգա մադրիդյան գրանդում։
Այս մասին X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում հայտնել է բրիտանացի հայտնի լրագրող Նիք Հարիսը՝ հղում անելով իր աղբյուրին, որն օրերս անձամբ ճաշել է «սերուցքայինների» նախագահի հետ․
«Ֆլորենտինո Պերեսն ավելի ու ավելի է վստահ, որ Էրլինգ Հալանդը հաջորդ մրցաշրջանում կլինի Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստը։ Այս մասին ինձ հայտնել է մի մարդ, որը վերջերս ճաշել է Պերեսի հետ»,- գրել է Հարիսը։
Հալանդի հնարավոր տեղափոխության մասին խոսակցությունները նոր թափ են ստացել անգլիական ակումբի շուրջ ծավալվող աղմկահարույց ֆինանսական դատավարության ֆոնին։ Անգլիայի Պրեմիեր լիգայի անկախ հանձնաժողովը «Մանչեսթեր Սիթիին» մեղավոր է ճանաչել ֆինանսական կանոնների 114 կետերի խախտման մեջ։ «Քաղաքայինները» բողոքարկել են վճիռը՝ պնդելով, որ իրենց ձեռքի տակ ունեն անմեղությունն ապացուցող անհերքելի փաստեր։
Այդուհանդերձ, եթե բողոքարկումները մերժվեն, անգլիական գրանդին սպառնում են խստագույն պատժամիջոցներ՝ միավորների զրկումից ու տրանսֆերային արգելքից մինչև Պրեմիեր լիգայից հեռացում։ Ըստ Նիք Հարիսի՝ իր հետ զրուցած մարզական իրավաբանների միայն 25 տոկոսն է կարծում, որ «Սիթին» կարող է հաջողության հասնել բողոքարկման գործընթացում։
Ավելին, նշվում է, որ ակումբի մի շարք առաջատար ֆուտբոլիստների գործակալներ արդեն իսկ ուսումնասիրում են իրենց հաճախորդների պայմանագրերը խզելու և ազատ գործակալի կարգավիճակով հեռանալու իրավական հիմքերը, եթե ակումբը վերջնականապես պարտվի բոլոր դատական ատյաններում։
Հակառակ այս ֆոնին՝ գործարքի իրականացումը բավականին բարդ է թվում, քանի որ 2024 թվականի վերջին Հալանդը նոր՝ մինչև 2034 թվականը նախատեսված երկարաժամկետ պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Վերջերս անդրադառնալով ակումբի շուրջ ստեղծված իրավիճակին՝ նորվեգացին վստահեցրել էր, որ լիովին կենտրոնացած է բացառապես ֆուտբոլի վրա․
«Ես երկարաժամկետ պայմանագիր եմ ստորագրել 2024 թվականին և երջանիկ եմ այստեղ։ Կարծում եմ՝ 2022-ին «Սիթիին» միանալու որոշումը միանգամայն ճիշտ էր․ բավական է միայն նայել այն տիտղոսներին, որոնք նվաճել եմ, և այն առաջընթացին, որ գրանցել եմ թե՛ խաղադաշտում, թե՛ դրա սահմաններից դուրս»,- նշել է հարձակվողը։
Եթե Պերեսին հաջողվի կյանքի կոչել այս տրանսֆերը, ապա «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կձևավորվի ժամանակակից ֆուտբոլի ամենասարսափելի հարձակողական դուետը՝ Կիլիան Մբապե և Էրլինգ Հալանդ։
«Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպան Մայքլ Բոլը ևս կարծիք է հայտնել, որ նորվեգացի ռմբարկուն կարիերայի հաջորդ փուլում նոր մարտահրավերի կարիք կունենա․
«Նա փայլեց Դորտմունդում, ապա տեղափոխվեց «Սիթի», որը մանկուց իր սիրելի ակումբն էր, և այստեղ նվաճեց ամեն ինչ։ Նրա հաջորդ քայլը կարող է լինել մեկ այլ մեծ մարտահրավեր՝ ի դեմս Մադրիդի «Ռեալի» կամ «Բարսելոնայի»։ Մբապեի և Հալանդի համագործակցությունը նույն թիմում պարզապես ֆանտաստիկ տեսարան կլինի ֆուտբոլասերների համար»,- «TEAMtalk»-ի հետ զրույցում նշել է Բոլը։
Հավելենք, որ այս պահին Հալանդի տեղափոխության շուրջ պաշտոնական բանակցությունների մասին հաստատված տեղեկություններ դեռևս չկան, սակայն «Մանչեսթեր Սիթիի» դատական գործընթացի հանգուցալուծումը կարող է արմատապես փոխել ուժերի դասավորությունը եվրոպական տրանսֆերային շուկայում։



























































