ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին տուրում Հայաստանի ազգային հավաքականն այսօր արտագնա հանդիպում անցկացրեց Լատվիայի ընտրանու հետ։ «Սկոնտո» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի՝ 0–0 հաշվով։
Հանդիպման արդյունքը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի դարպասապահ Ալեքսանդր Միշիևը։
«Լավ հանդես եկանք այսօր, շատ պահեր ստեղծեցինք, բայց ինչ–որ բան չբավականացրեց։ Իհարկե, գոհ եմ, որ գոլ բաց չթողեցինք, բայց պետք է գոլ խփեինք և հաղթեինք։
Անիրական զգացողություն էր։ Շատ հպարտ եմ, ուրախ, որ հանդես եմ գալիս Հայաստանի համար, ազգի համար։ հուսով եմ՝ առջևում ամեն ինչ լավ կլինի»,– ասել է Միշիևը հանդիպումից հետո ՀՖՖ մամուլի ծառայությանը։
Հայաստանի, Լատվիայի, Չեռնոգորիայի և Կիպրոսի հավաքականներն ընդգրկված են 2-րդ խմբում։ Վերջին տուրի հանդիպումների արդյունքներն արդեն չէին կարող ազդել թիմերի տեղերի վրա աղյուսակում․ խմբի աղյուսակում թիմերի դասավորվածությունն արդեն իսկ հայտնի էր նախորդ տուրի արդյունքներով։
Այսպիսով, Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի այս մրցաշրջանն ավարտեց երրորդ տեղում՝ վաստակելով 6 միավոր։ Մեր թիմը խմբային փուլում տոնեց մեկ հաղթանակ՝ Երևանում հաղթելով Լատվիայի ընտրանուն, գրանցեց երեք ոչ–ոքի և երկու պարտություն կրեց։ Չեռնոգորիայի հավաքականն առաջին տեղում է, Կիպրոսը՝ երկրորդ, իսկ Լատվիայի ընտրանին՝ եզրափակեց աղյուսակը։
Մրցաշարային աղյուսակն այս պահին՝ ստորև․























































