Բրազիլական և համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Ռոնալդինյոն 11 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ ֆուտբոլ։ 46-ամյա բրազիլացին այսօր՝ նոյեմբերի 15-ին, իր խորհրդանշական 10 համարի մարզաշապիկով խաղադաշտ դուրս կգա իտալական «Ռավեննայի» կազմում՝ մասնակցելով «Ֆորլիի» դեմ Իտալիայի երրորդ դիվիզիոնի հանդիպմանը։
Հեղինակավոր Gazzetta dello Sport պարբերականին տված հարցազրույցում «Ոսկե գնդակի» դափնեկիրը բացահայտել է, որ խաղակոշիկները մեխից կախելուց տարիներ անց խաղադաշտ վերադառնալու որոշման հարցում վճռորոշ է եղել ակումբի նախագահ Իգնացիո Չիպրիանիի հետ ունեցած մտերմությունը.
«Իգնացիո Չիպրիանիի հետ մեր ընկերությունն ու ապագայի համատեղ ծրագրերը ստիպեցին ինձ ընդունել այս մարտահրավերը։ Ես այստեղ եմ՝ ապրելու կյանքիս յուրահատուկ պահերից մեկը, և կարծում եմ՝ սա առանձնահատուկ օր կլինի նաև խաղընկերներիս համար։ Կարիերաս ավարտելուց հետո հետ նայեցի ու հասկացա, որ նվաճել եմ այն ամենը, ինչի մասին երազել էի։ Սակայն հիմա հնարավորություն ունեմ կրկին ինչ-որ բան անելու ֆուտբոլում, և դա ինձ երջանկացնում է։ Ցանկանում եմ ուրախություն պարգևել երկրպագուներին, որպեսզի նրանք լիարժեք վայելեն այս գեղեցիկ արկածի սկիզբը»,- նշել է բրազիլացին։
Մարզական առումով Ռոնալդինյոյի վերադարձն ունի ևս մեկ խորհրդանշական նպատակ։ Նա պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է՝ իր ակտիվում ունենալով 299 գոլ, և այժմ ձգտում է խփել հոբելյանական՝ 300-րդ գնդակը, ինչն իր խոսքով՝ կդառնա իր ֆուտբոլային պատմության գեղեցիկ վերջակետը։
«Ռավեննայի» գլխավոր մարզիչ Անդրեա Մանդորլինին արդեն հաստատել է, որ լեգենդար ֆուտբոլիստը «Ֆորլիի» դեմ հանդիպումը կսկսի մեկնարկային րոպեներից.
«Նա խաղադաշտ դուրս կգա մեկնարկային կազմում, դրանում կասկած չկա։ Այնուհետև միասին կորոշենք, թե որքան ժամանակ կանցկացնի խաղադաշտում։ Մենք սովորաբար գործում ենք երեք հարձակվողով, և Ռոնալդինյոն կլինի նրանցից մեկը։ Նրա հետ աշխատելը մեծագույն հաճույք է, և թիմը պատրաստ է հարմարվել նրա խաղաոճին»։
Հավելենք, որ Ռոնալդինյոյի համագործակցությունը «Ռավեննայի» հետ չի սահմանափակվում միայն խաղադաշտով. բրազիլացին դարձել է նաև ակումբի բաժնետեր։ Նախագահ Իգնացիո Չիպրիանիի հավակնոտ ծրագրի նպատակն է թիմին հասցնել իտալական ֆուտբոլի էլիտա՝ Սերիա Ա, իսկ Ռոնալդինյոյի ներգրավվածությունը կոչված է մեծացնելու ակումբի միջազգային ճանաչելիությունը։
Հիշեցնենք, որ ԱԱ-2002-ի չեմպիոն, 2005 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր և «Բարսելոնայի» կազմում Չեմպիոնների լիգայի հաղթող Ռոնալդինյոն իր վերջին պաշտոնական հանդիպումն անցկացրել էր 2015 թվականի սեպտեմբերի 26-ին՝ բրազիլական «Ֆլումինենսեի» մարզաշապիկով, իսկ կարիերան ավարտելու մասին պաշտոնապես հայտարարել էր 2018-ին։



























































