Հայաստանի հավաքականի առաջատար գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող Total Chess World Championship Tour Pilot 2026 մրցաշարի խմբային փուլի 4-րդ տուրում ուժերն է չափել ռուսաստանցի անվանի շախմատիստ Յան Նեպոմնյաշչիի հետ։
Նոյեմբերի 14-ին կայացած դիմակայության առաջին պարտիայում Մարտիրոսյանը խաղացել է սպիտակ խաղաքարերով։ Հավասար պայքարում ընթացած հանդիպման 31-րդ քայլին գրոսմայստերները համաձայնել են կիսել միավորը։
Պատասխան պարտիայում, որտեղ հայ շախմատիստը հանդես էր գալիս սևերով, պայքարը լարված և փոփոխական ընթացք է ունեցել։ Թեև Նեպոմնյաշչին մի քանի անգամ դիրքային առավելություն է ստացել, Մարտիրոսյանին հաջողվել է վերականգնել հավասարակշռությունը։ Սակայն վճռորոշ է դարձել 32-րդ քայլը․ Հայկի 32…g4 քայլից հետո ռուսաստանցի գրոսմայստերը ստացել է կայուն հաղթական դիրք և 42-րդ քայլին ստիպել մեր շախմատիստին անձնատուր լինել։
Այսպիսով, խաղային օրվա երկու պարտիաների արդյունքում վաստակելով 1 միավոր՝ Հայկ Մարտիրոսյանը 11 միավորով նահանջել է C խմբի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական։ Առաջատարը 12 միավորով նիդերլանդցի Անիշ Գիրին է։
Հիշեցնենք, որ նախորդ տուրում՝ նոյեմբերի 13-ին, Հայկ Մարտիրոսյանը փայլուն հաղթանակ էր տարել աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենի նկատմամբ (առաջին պարտիայում հաղթել էր սպիտակներով, իսկ երկրորդն ավարտել ոչ-ոքի)՝ միանձնյա գլխավորելով խմբի աղյուսակը։
Հավելենք, որ մրցաշարի խմբային փուլում 24 շախմատիստներ բաժանված են 4 խմբի (6-ական մասնակից)։ Յուրաքանչյուր տուրում մրցակիցները միմյանց դեմ անցկացնում են երկու պարտիա՝ գույների փոխատեղմամբ (հաղթանակը գնահատվում է 3, իսկ ոչ-ոքին՝ 1 միավոր)։ Վաղը՝ նոյեմբերի 15-ին, Մարտիրոսյանի մրցակիցը կլինի հնդիկ գրոսմայստեր Աբհիմանյու Միշրան։



























































