«Նեգրեյրայի գործով» հետաքննությունը պաշտոնապես ավարտված է։ Այս մասին հայտնում է Cadena SER-ը։
Հիշեցնենք, որ 2023 թվականին «Բարսելոնային» և ակումբի ղեկավարությանը մեղադրանք էր առաջադրվել կաշառք տալու համար՝ Իսպանիայի ֆուտբոլի արքայական ֆեդերացիայի (RFEF) Մրցավարների տեխնիկական կոմիտեի (CTA) նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրային կատարված վճարումների գործով։
Նախօրեին «Բարսելոնա Բ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժերար Լոպեսը դատարանում ցուցմունք է տվել՝ հայտարարելով, որ օգտվել է Նեգրեյրայի որդու կազմած հաշվետվություններից։ Սա հաստատել է կատալոնական ակումբի պաշտոնական վարկածը։
Այժմ դատավոր Ալեխանդրա Խիլին մնում է միայն «Բարսելոնայից» ստանալ ֆինանսական հաշվետվությունները, որոնք «կապտանռնագույնները» պարտավոր են ներկայացնել Մադրիդի «Ռեալի» հարցման հիման վրա։ Սկզբնապես դատարանը մերժել էր մադրիդյան ակումբի միջնորդությունը, որով պահանջվում էին 2010-2021 թվականների աուդիտորական եզրակացությունները, սակայն Բարսելոնայի նահանգային բարձրագույն դատարանը մասնակիորեն բավարարել է «արքայական» ակումբի պահանջը։
Ակնկալվում է, որ փաստաթղթերը դատարան կներկայացվեն մինչև 2027 թվականի սկիզբը։ Հենց որ դրանք հայտնվեն դատավորի տրամադրության տակ, վերջինս վերջնական որոշում կկայացնի՝ կա՛մ կարճել վարույթն ու գործը հանձնել արխիվ, կա՛մ ուղարկել դատարան՝ հետագա քննության համար։


























































