Կիպրոսում կայացած ՈւԵՖԱ-ի 2026/2027 թթ․ Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման փուլի B լիգայի 6-րդ խմբի երկրորդ տուրում Հայաստանի Մ-19 հավաքականը 0։4 հաշվով զիջեց Ալբանիայի ընտրանուն։
Հանդիպման մեկնարկը անհաջող դասավորվեց մեր թիմի համար․ արդեն 6-րդ րոպեին պաշտպան Էդգար Պողոսյանը կարմիր քարտ ստացավ ու հեռացվեց խաղադաշտից՝ Հայաստանի հավաքականին թողնելով տասը հոգով։
Օգտվելով քանակական առավելությունից՝ ալբանացիները չորս անպատասխան գնդակ ուղարկեցին մեր ընտրանու դարպասը։ Մրցակցի կազմում դուբլի հեղինակ դարձավ Գաբրիել Կուլլան, իսկ մեկական անգամ աչքի ընկան Արմենդ Մուսլիկան և Ալեն Վուկայը։
Այս հաղթանակից հետո Ալբանիայի Մ-19 հավաքականը 6 միավորով միանձնյա գլխավորում է B6 խմբի մրցաշարային աղյուսակը (առաջին տուրում ալբանացիները նույն՝ 4։0 հաշվով առավելության էին հասել նաև Կիպրոսի նկատմամբ)։




























































