17-ամյա Շեյ Կրոյֆ-Բինը՝ լեգենդար Յոհան Կրոյֆի թոռը, իր կարիերայում առաջին անգամ հրավիրվել է ԱՄՆ-ի մինչև 18 տարեկանների հավաքական։
Երիտասարդ կիսապաշտպանը հանդես է գալիս Տառագոնայի իսպանական «Խիմնաստիկի» երիտասարդական թիմում։ Նա ծնվել է ԱՄՆ-ում, մեծացել՝ Կատալոնիայում և իրավունք ունի ներկայացնելու միանգամից երեք երկրի՝ ԱՄՆ-ի, Իսպանիայի և Նիդերլանդների ազգային հավաքականները։
Շեյը լեգենդար ֆուտբոլիստի դստեր՝ Շանտալ Կրոյֆի և ամերիկացի Թոդ Բինի որդին է։ Այսպիսով, նա շարունակում է հայտնի ֆուտբոլային դինաստիան, որը հիմնել է իր պապը, իսկ հետագայում շարունակել քեռին՝ Յորդի Կրոյֆը։
Ընդ որում, ԱՄՆ-ի հավաքականից ստացած առաջին հրավերը դեռևս չի նշանակում ազգային թիմի վերջնական ընտրություն։ Իր քաղաքացիության շնորհիվ Շեյը հետագայում դեռ կարող է հանդես գալ Նիդերլանդների կամ Իսպանիայի ընտրանիների կազմում։




























































