Արգենտինայի ազգային հավաքականի և Ստամբուլի «Գալաթասարայի» նախկին հարձակվող Մաուրո Իկարդին հայտնվել է հերթական աղմկահարույց սկանդալի կենտրոնում։ 33-ամյա ֆուտբոլիստը կասկածվում է իր 11-ամյա դստերը՝ Ֆրանչեսկային, թեթև մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ։
Ինչպես տեղեկացնում են արգենտինական Infobae-ն և SM Noticias-ը, միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին՝ Բուենոս Այրեսի արվարձաններից մեկում գտնվող Լա Իսլա պահպանվող ավանում։ Ըստ մեղադրանքի վարկածի՝ հոր և դստեր միջև կոնֆլիկտը բռնկվել է այն պատճառով, որ 11-ամյա աղջիկը սիրային հարաբերությունների մեջ է ինչ-որ երիտասարդի հետ։
Վիճաբանության ընթացքում երեխան օգնության խնդրանքով հաղորդագրություններ է ուղարկել մորը՝ Վանդա Նարային, ինչից հետո վերջինս անմիջապես դիմել է ոստիկանություն։ Ֆրանչեսկային հաջողվել է ինքնուրույն լքել տունը և անցնել մոր խնամակալության տակ, իսկ դեպքի վայր ժամանած իրավապահներին Վանդա Նարան հայտնել է, որ նախկին ամուսինը «նախատել է» իրենց դստերը։
Գենդերային բռնության դեմ պայքարի բաժնի դատախազ Խուլիո Պետրուչին արդեն քննություն է սկսել մարմնական վնասվածքներ հասցնելու փաստով։ Նրա կարգադրությամբ նշանակվել է անչափահասի դատաբժշկական փորձաքննություն, իսկ Իկարդին պաշտոնապես ծանուցվել է իր դեմ հարուցված գործի մասին։
Նոյեմբերի 12-ին արգենտինացի հարձակվողը փաստաբանների ուղեկցությամբ ներկայացել է Տիգրե մունիցիպալիտետի դատախազություն և ցուցմունք տվել։ Ֆուտբոլիստը կտրուկ հերքում է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները՝ պնդելով, որ դայակը, տնային տնտեսուհին և միջադեպին ներգրավված ոստիկանները կարող են վկայություն տալ հօգուտ իրեն։
Իկարդիի պաշտպանական կողմը ևս հանդես է եկել հայտարարությամբ՝ ընդգծելով, որ քննությունը հիմնվում է բացառապես իրադարձությունների միակողմանի վարկածի վրա. «Մենք արտոնություններ չենք խնդրում, մենք պահանջում ենք հավասար վերաբերմունք»,- նշել են ֆուտբոլիստի փաստաբանները։
Հավելենք, որ Մաուրո Իկարդին 2023 թվականից հանդես էր գալիս «Գալաթասարայում», որի կազմում դարձել է Թուրքիայի քառակի չեմպիոն, երկրի Գավաթի և Սուպերգավաթի խաղարկությունների հաղթող։ Անցած ամռանը հարձակվողը հեռացել է ստամբուլյան ակումբից և ներկայումս գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում։


























































