Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Հովհաննիսյանն ամփոփել է Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում Կիպրոսի ընտրանու դեմ կայացած հանդիպումը (1:1)։ Ֆուտբոլիստի գնահատմամբ՝ ազգային թիմը լիովին տիրել է նախաձեռնությանը և բազմաթիվ գոլային պահեր ստեղծել, սակայն հաղթանակի հասնելու համար դիպուկությունը չի բավականացրել։
Երևանում կայացած մրցավեճում հաշիվը բացել էին հյուրերը՝ Երևանի «Փյունիկի» հարձակվող Յասոնաս Պիկիսի դիպուկ հարվածի շնորհիվ, որին Հայաստանի հավաքականի կազմում պատասխանել էր Արթուր Ղարիբյանը։ Չնայած խաղային առավելությանը և հաշվի մեջ առաջ անցնելու մի քանի իրական հնարավորություններին՝ մեր ընտրանուն չհաջողվեց կորզել երեք միավորը։
Խոսելով բաց թողած հաղթանակի և խաղի ընթացքի մասին՝ Կառլեն Հովհաննիսյանը չի թաքցրել հիասթափությունը.
«Շատ տխուր ենք, որ չկարողացանք հաղթել։ Ամեն ինչ արեցինք, գոլային պահեր ստեղծեցինք, բայց, չգիտեմ, բախտի գործոն էր, թե պահերի իրացման խնդիր՝ հաղթել չհաջողվեց։ Իմ կարծիքով՝ մեր խաղային պլանը լիովին աշխատեց․ վերահսկում էինք գնդակը և պահեր էինք ստեղծում, իսկ բաց թողած առաջին գոլն ընդամենը պատահականություն էր։ Խաղի ընթացքում լինում են դրվագներ, երբ մեծ ուժեր ներդնելուց հետո թիմը նահանջում է միջին բլոկ՝ պաշտպանվելու և փոքր-ինչ հանգստանալու համար։ Այդուհանդերձ, ամեն ինչ անում էինք երկրորդ գոլը խփելու համար։ Հանդիպման վերջնամասում նույնպես պահեր ստեղծեցինք, սակայն կրկին ինչ-որ բան չբավականացրեց․ բարելավելու տեղ միշտ էլ ունենք»,- ասել է կիսապաշտպանը ՀՖՖ-ի մամուլի ծառայությանը։
Հիշեցնենք, որ այս ոչ-ոքիից հետո Հայաստանի հավաքականը շարունակում է ելույթները Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբում։ Խմբային փուլի վերջին տուրում մեր ընտրանին նոյեմբերի 15-ին արտագնա հանդիպում կանցկացնի Լատվիայի հավաքականի դեմ։
























































