Հայտնի է, որ արքայազն Ուիլյամն «Ասթոն Վիլայի» հավատարիմ երկրպագու է, և Չեմպիոնների լիգայում «Բարսելոնայի» դեմ խաղում սիրելի թիմին աջակցելու համար Ուելսի արքայազնն անգամ գնացել է թագավորական արարողակարգի խախտման։
«Արքայազն Ուիլյամը Բարսելոնա է մեկնել որդու՝ արքայազն Ջորջի հետ։ Նրանք թռել են British Airways-ի կանոնավոր չվերթի միևնույն ինքնաթիռով, և հենց միևնույն օդանավում գտնվելն էլ դարձել է արարողակարգի խախտում»,- գրում է Daily Mail-ը։
Բանն այն է, որ թագավորական չգրված կանոններն արգելում են միապետին նույն ինքնաթիռով ճամփորդել իր այն երեխաների հետ, որոնք արդեն բոլորել են 12 տարին։ Համարվում է, որ ավիավթարի դեպքում դա կխախտի գահաժառանգման հերթականությունը, քանի որ կարող են միաժամանակ զոհվել ապագա մի քանի միապետներ։
Արարողակարգի խախտումը տեղի է ունեցել ոչ միայն Բարսելոնա մեկնելիս, այլև վերադարձի ճանապարհին։ Արքայազն Ուիլյամը նախկինում ևս աչքի է ընկել նման քայլերով։ Երբ Ուիլյամը հրաժարվել է դադարեցնել ընտանիքի հետ համատեղ թռիչքները, Չարլզը պնդել է, որ որդին ստորագրի պաշտոնական փաստաթուղթ, որով կընդունի դրա հետ կապված ռիսկերն ու ամբողջ պատասխանատվությունը կվերցնի իր վրա։


























































