Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան յուրօրինակ լուծում է գտել՝ հավերժացնելու ազգային հավաքականում Կրիշտիանու Ռոնալդուի թողած ժառանգությունը։
Քանի որ ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի կանոնակարգերը թույլ չեն տալիս ազգային հավաքականներում խաղային համարն ամբողջությամբ հանել շրջանառությունից (պահանջվում է պահպանել համարակալման հստակ միջակայք), ֆեդերացիան դիմել է խորհրդանշական քայլի։ Որոշվել է փոխել մարզաշապիկի «7» համարի գրաֆիկական դիզայնը՝ նախկին տեսքը պահպանելով բացառապես որպես Ռոնալդուի հետ ասոցացվող պատմական խորհրդանիշ։
Նոր տարբերակում 7 թվանշանի մեջտեղում ավելացվել է հորիզոնական գիծ, ինչն այն վիզուալ առումով առանձնացնում է այն դասական տեսքից, որով ավելի քան երկու տասնամյակ խաղադաշտ էր դուրս գալիս պորտուգալացի ռմբարկուն։
«Կան պատմություններ, հիշողություններ, նվաճումներ և զգացմունքներ, որոնք ընդմիշտ կապված կմնան Կրիշտիանու Ռոնալդուի անվան հետ։ Այսուհետ մենք կունենանք այլ դիզայնով 7 համար, սակայն նույն էությամբ և հպարտությամբ՝ նախորդ տարբերակը պահպանելով որպես անմոռանալի պատմություն։ Շնորհակալություն, Կրիշտիանու», – նշված է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական հայտարարության մեջ։
Թարմացված դիզայնով մարզաշապիկը շրջանառության մեջ է դրվում նոյեմբերի 14-ին՝ Ազգերի լիգայի շրջանակում կայանալիք Դանիայի դեմ հանդիպմանը։ Նոր տեսքով 7 համարն առաջինը կկրի «Բրյուգեի» հարձակվող Կառլոս Ֆորբսը. Ռաֆայել Լեաուն, որը նախկինում ևս հանդես է եկել այդ համարով, վնասվածքի պատճառով բաց է թողնում նոյեմբերյան հավաքը։
Հիշեցնենք, որ 41-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն ազգային թիմում կարիերան ավարտելու մասին հայտարարեց նոյեմբերի 5-ին՝ եզրափակելով 23 տարվա միջազգային ելույթները։ Պորտուգալիայի ընտրանու կազմում նա անցկացրել է 234 հանդիպում և խփել 146 գոլ՝ նվաճելով Եվրո-2016-ի գավաթը և երկու անգամ դառնալով Ազգերի լիգայի հաղթող (2019, 2025 թթ.)։
/i/l/f/1794667842656821359.jpg)




























































