Պորտուգալիայի ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին Կրիշտիանու Ռոնալդուի՝ նոյեմբերի 5-ի հայտարարությունը բուռն արձագանք է գտել համաշխարհային ֆուտբոլում։ Անվանի ֆուտբոլիստների, նախկին ու ներկա խաղընկերների շնորհավորանքների ֆոնին, սակայն, երկրպագուների ուշադրության կենտրոնում է հայտնվել Լիոնել Մեսսիի լռությունը։ Արգենտինացի հարձակվողը մինչ օրս հրապարակայնորեն չի անդրադարձել իր վաղեմի մրցակցի որոշմանը, ինչը սոցիալական ցանցերում բուռն քննարկումների և քննադատությունների առիթ է դարձել։
Երկրպագուների դժգոհության հիմնական պատճառը ընդամենը մեկ ամիս առաջ գրանցված նախադեպն է։ Հոկտեմբերի 7-ին, երբ Մեսսին հայտարարեց Արգենտինայի հավաքականից հեռանալու մասին, Ռոնալդուն անմիջապես արձագանքեց նրա գրառմանը.
«Լեո՛, այսքան տարի պաշտպանել ես քո երկիրը և պատմություն կերտել, որը հավերժ կմնա։ Մեծ հարգանք ունեմ Արգենտինայի հավաքականում քո նվաճումների նկատմամբ։ Գրկում եմ»։
Տարիներ շարունակ տևած սկզբունքային մրցակցության պայմաններում պորտուգալացու այս քայլը մեծ ոգևորությամբ էր ընդունվել, ուստի ֆուտբոլասերների մի մասը պատասխան ժեստ էր ակնկալում նաև արգենտինացուց։ Մինչ օգտատերերի մի խումբը մեղադրում է Մեսսիին՝ մրցակցի նվաճումներն ըստ արժանվույն չգնահատելու համար, մյուսները պնդում են, որ նա պարտավոր չէ հրապարակային արձագանք տալ յուրաքանչյուր իրադարձության։
Պորտուգալացի լեգենդին արդեն երախտագիտության և հարգանքի խոսքեր են հղել Նեյմարը, Վինիսիուս Ժունիորը, Սերխիո Ռամոսը, Պեպեն, Ռիո Ֆերդինանդը, Բրունու Ֆերնանդեշը, Նանին, Գիլյերմո Օչոան և բազմաթիվ այլ աստղեր։ Մասնավորապես՝ Նեյմարը Ռոնալդուին անվանել է «լեգենդ», իսկ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուսը նրան բնութագրել է որպես «բոլոր ժամանակների համար մեկ»։
Հետաքրքրական է, որ Ռոնալդուի հայտարարությունից անմիջապես հետո համացանցում սկսեցին տարածվել Մեսսիին վերագրվող մեկնաբանություններ, որտեղ արգենտինացին, իբր, նշել էր, թե իր համար պատիվ է եղել այսքան տարիներ մրցակցել Կրիշտիանուի հետ։ Սակայն պորտուգալական Polígrafo փաստերի ստուգման հարթակը պարզել է, որ այդ սքրինշոթները կեղծված են․ իրականում դրանք հոկտեմբերին Ռոնալդուի կատարած գրառման խմբագրված տարբերակներն են։
Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն հեռանում է Պորտուգալիայի հավաքականից՝ որպես ազգային ընտրանիների պատմության լավագույն ռմբարկու (146 գոլ՝ 234 խաղում)։ Ազգային թիմի կազմում նա դարձել է Եվրոպայի չեմպիոն (2016 թ․) և Ազգերի լիգայի կրկնակի հաղթող (2019, 2025 թթ․)։

























































