Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հավակնում է իտալական ակումբի հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին (Betsson Sport Player of the Month)։
«Ներաձուրիների» մամուլի ծառայությունը սոցիալական ցանցերում հրապարակել է մրցանակի չորս հավակնորդների անունները։ Հայ կիսապաշտպանի մրցակիցներն են Մարկուս Թյուրամը, Պյոտր Զելինսկին և Կառլոս Աուգուստոն։
«Չորս անուն, մեկ հաղթող․ ժամանակն է քվեարկելու», – ասված է միլանյան ակումբի հրապարակման մեջ։ Հաղթողը որոշվելու է երկրպագուների քվեարկության արդյունքում։
Թեկնածուների ընտրության հարցում հաշվի են առնվել ինչպես Ա Սերիայում, այնպես էլ Չեմպիոնների լիգայում ֆուտբոլիստների ցուցադրած ելույթները։ Մխիթարյանի համար հոկտեմբերը բավականին արդյունավետ է ստացվել․
Հոկտեմբերի 10 («Պարմա») – հայ կիսապաշտպանն առանց փոխարինման անցկացրել է ամբողջ հանդիպումը, գոլային փոխանցում կատարել Մարկուս Թյուրամին և Sofascore-ի կողմից արժանացել բարձր՝ 8.0 գնահատականի։
Հոկտեմբերի 17 («Բոլոնիա», 3:1) – առանցքային դեր է ունեցել թիմի գրոհների կազմակերպման գործում և սկիզբ դրել երրորդ գոլային գրոհին՝ նախագոլային փոխանցում կատարելով Կառլոս Աուգուստոյին, որի փոխանցումից էլ աչքի է ընկել Անժ-Յոան Բոնին։
Հոկտեմբերի 21 («Շախտյոր», ՉԼ) – դարձել է հաղթական գոլի փոխանցման հեղինակ․ նրա ասիստից հետո դարպասը գրավել է հանդիպման լավագույն խաղացող ճանաչված Կառլոս Աուգուստոն։
Հավելենք, որ նախորդ՝ օգոստոս-սեպտեմբեր ամիսների լավագույն ֆուտբոլիստի մրցանակին արժանացել էր թիմի ավագ Լաուտարո Մարտինեսը։ Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» գույները պաշտպանում է 2022 թվականից՝ միլանյան ակումբի հետ նվաճելով Իտալիայի չեմպիոնի տիտղոսը, երկրի Գավաթն ու Սուպերգավաթը։



























































