«Տեներիֆեի» գլխավոր մարզիչ Ալվարո Սերվերան թիմի հարձակվող Խեսուս դե Միգելի ողբերգական մահից հետո առաջին անգամ հանդես է եկել մամուլի ասուլիսով։ «Սեուտայի» դեմ վաղը՝ նոյեմբերի 15-ին կայանալիք հանդիպմանն ընդառաջ իսպանացի մասնագետն անդրադարձել է ինչպես թիմի հոգեբանական ծանր վիճակին, այնպես էլ «Անդորրայի» դարպասապահ Խեսուս Օվոնոյի՝ 12 խաղով որակազրկմանը։
Մարզչի խոսքով՝ ողբերգության մասշտաբների համեմատ պատիժը կարող է մեղմ թվալ, սակայն ֆուտբոլային կանոնակարգը նման աննախադեպ դեպքերի համար այլ լուծում պարզապես չի նախատեսում․
«Կա օրենք, որը պետք է պահպանվի, սակայն այդ օրենքում նախատեսված չէ այն, ինչ տեղի ունեցավ։ Կարգապահական կոմիտեն առաջնորդվել է գործող կանոնակարգով և սահմանել այն առավելագույն պատիժը, որը թույլատրվում է։ Մնացածը, ինչ կարող եմ ասել, իմ անձնական կարծիքն է, որը կնախընտրեմ պահել ինձ», – նշել է Սերվերան։
Անդրադառնալով թիմում տիրող մթնոլորտին՝ մասնագետը խոստովանել է, որ ֆուտբոլիստների համար չափազանց բարդ է վերադառնալ բնականոն ռիթմին, և վստահ չէ, որ բոլորը պատրաստ են դուրս գալ խաղադաշտ․
«Երբ միասին ենք՝ մարզումների ժամանակ կամ թիմային միջավայրում, ամեն ինչ համեմատաբար նորմալ է․ զգում ենք, որ կամաց-կամաց վերադառնում ենք կյանքին։ Սակայն մենք չգիտենք, թե տղաներից յուրաքանչյուրն ինչ է զգում, երբ մենակ է մնում ինքն իր հետ։ Ամեն մարդ յուրովի է հաղթահարում վիշտը։ Ոմանց խաղադաշտ վերադառնալը կարող է օգնել, իսկ մյուսները գուցե հոգեբանորեն դեռ պատրաստ չեն մրցակցային ֆուտբոլին։ Սա չափազանց ծանր փորձություն է»։
Հիշեցնենք, որ ողբերգական միջադեպը գրանցվել էր նոյեմբերի 2-ին՝ Իսպանիայի երկրորդ դիվիզիոնի «Տեներիֆե» – «Անդորրա» հանդիպման ավելացված ժամանակում (90+6-րդ րոպե)։ Գնդակի համար պայքարում հյուրերի և Հասարակածային Գվինեայի հավաքականի դարպասապահ Խեսուս Օվոնոն բարձրացրած ոտքով ու չափազանց ուժեղ հարվածով բախվել էր 30-ամյա հարձակվող Խեսուս դե Միգելին և անմիջապես հեռացվել խաղադաշտից։
Ծանր վնասվածք ստացած Դե Միգելը տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ հաջորդ օրը՝ նոյեմբերի 3-ին, մահացել էր։ Ֆուտբոլիստների հոգեբանական շոկային վիճակի պատճառով ընդհատված հանդիպումն այդպես էլ չէր վերսկսվել, և այդ պահին գրանցված 2։2 հաշիվը պահպանվել էր որպես վերջնական արդյունք։
Նոյեմբերի 13-ին Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի (RFEF) կարգապահական կոմիտեն, հիմք ընդունելով մրցավարի արձանագրությունն ու ողբերգական հետևանքը, Օվոնոյին որակազրկել է 12 խաղով։ Սա կարգապահական օրենսգրքի 102-րդ հոդվածով (լուրջ վնասակար հետևանքներ առաջացրած բռնի գործողություն) նախատեսված առավելագույն պատիժն է։
Հավելենք, որ տեղի ունեցածից հետո Օվոնոն հրապարակային նամակով հայտնել էր, որ ապրում է իր կյանքի ամենասարսափելի օրերը, իսկ «Անդորրայի» գլխավոր մարզիչ Կառլես Մանսոն նշել էր, որ դարպասապահը հոգեբանական ծանրագույն վիճակում է, և ակումբը նրան անհրաժեշտ ժամանակ է տրամադրել՝ իր հետագա անելիքները որոշելու համար։



























































