Բրազիլական «Վասկո դա Գամայի» հարձակվող Դավիդը դարձել է Բրազիլիայում իրականացվող լայնամասշտաբ ոստիկանական գործողության գլխավոր ֆիգուրանտներից մեկը, հայտնում է El Mundo-ն։
Երկուշաբթի օրը տեղի իրավապահ մարմինները միանգամից մի քանի նահանգներում հատուկ օպերացիա են սկսել՝ ուղղված թմրանյութերի և զենքի ապօրինի շրջանառության ենթադրյալ ցանցի դեմ։
Ըստ նախնական տվյալների՝ հանցավոր այս խմբավորման հետ անմիջական կապ կարող են ունենալ նաև պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ։ Գործի շրջանակներում արդեն իսկ տրվել է ձերբակալության չորս օրդեր և 15 խուզարկության թույլտվություն։
Ռիո դե Ժանեյրոյում ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել 30-ամյա Դավիդի տանը, որտեղից առգրավվել են բջջային հեռախոսներ և տարբեր փաստաթղթեր։ Դրանից անմիջապես հետո իրավապահները խուզարկության նպատակով մեկնել են նաև «Վասկո դա Գամայի» մարզաբազա։
Հայտնի է, որ նույն գործողության շրջանակներում արդեն ձերբակալվել է բրազիլական «Սանթոսի» ակադեմիայի սան Ռենիերը, որին մեղադրանք է առաջադրվել դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար։
Հիշեցնենք, որ գործով անցնող Դավիդը 2018 թվականին «Կրուզեյրոյի» կազմում նվաճել էր Բրազիլիայի գավաթը։ Առայժմ ֆուտբոլիստի և նրա ակումբի կողմից պաշտոնական մեկնաբանություններ չեն տրվել։


























































