«Սանթոսի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարն անձամբ է արձագանքել բրազիլացի հայտնի ինֆլուենսեր, Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորի նախկին ընկերուհի Վիրջինիա Ֆոնսեկայի հետ իր ենթադրյալ սիրավեպի մասին շրջանառվող լուրերին։
Օրերս բրազիլական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել այն մասին, որ նոյեմբերի 6-ին Սան Պաուլոյում կայացած փակ երեկույթի ժամանակ Նեյմարն ու Ֆոնսեկան համբուրվել են։ Հրապարակումը հսկայական աղմուկ է բարձրացրել հատկապես այն պատճառով, որ ֆուտբոլիստի կինը՝ Բրունա Բիանկարդին, այժմ սպասում է զույգի երրորդ երեխային։
Ի պատասխան այս մեղադրանքների՝ Նեյմարը գրառում է կատարել Instagram-ի իր «Stories» բաժնում՝ կտրականապես հերքելով տարածված տեղեկությունները․
«Սովորաբար ես նման թեմաների «Stories»-ում չեմ անդրադառնում, բայց այս անգամ նրանք անցել են բոլոր սահմանները։ Լուրեր են պտտվում, թե ես կապ ունեմ մեկ այլ մարդու հետ, ինչը ես կտրականապես հերքում եմ։ Ցավալի է ապրել մի ժամանակաշրջանում, երբ մարդկանց ավելի շատ հետաքրքրում է հայտնի անունների շուրջ բարձրացած աղմուկը, քան իրականությունը։ Թեև իմ թիմն արդեն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, ստիպված էի անձամբ խոսել և վերջնականապես փակել այս թեման։ Մեծ գրկախառնություն բոլորին, իսկ հիմա թույլ տվեք հանգիստ պոկեր խաղալ»,- գրել է բրազիլացի աստղը։
Աղմկահարույց պատմության սկզբնաղբյուրը բրազիլական «Metrópoles» պարբերականն է։ Լրագրող Ֆաբիա Օլիվեյրան նոյեմբերի 15-ին հոդված էր հրապարակել՝ պնդելով, թե Նեյմարն ու Վիրջինիա Ֆոնսեկան նոյեմբերի 6-ին միասին ժամանակ են անցկացրել Սան Պաուլոյում կազմակերպված պոկերի փակ երեկույթին, որի ընթացքում հյուրերին արգելված է եղել օգտվել բջջային հեռախոսներից։
Ըստ անանուն աղբյուրների՝ Ֆոնսեկան պարել է բազմոցին նստած Նեյմարի գրկում, իսկ ֆուտբոլիստը խոսափողով դիմել է նրան՝ օգտագործելով «Վիվիբորա» մականունը։ Հարկ է նշել սակայն, որ այս պնդումներն ապացուցող որևէ լուսանկար կամ տեսանյութ համացանցում մինչ պահը չի հայտնվել։
Մինչ Նեյմարի գրառումը, պաշտոնական հերքմամբ էր հանդես եկել նաև Վիրջինիա Ֆոնսեկայի մամուլի ծառայությունը՝ խստորեն դատապարտելով տարածված տեղեկությունները․
«Վիրջինիա Ֆոնսեկայի մամուլի ծառայությունը խստորեն դատապարտում է տարածված բացարձակ կեղծ տեղեկությունները։ Սա առաջին դեպքը չէ, երբ Վիրջինիան ստիպված է լինում հերքել իր անձնական կյանքի վերաբերյալ անհիմն ենթադրությունները։ Նա կտրականապես հերքում է այդ ակնարկները և ցավում է, որ նման շահարկումները հանրությանը մատուցվում են որպես իրական փաստեր՝ առանց ճշմարտության նկատմամբ պատշաճ պատասխանատվության»,- ասված է հայտարարության մեջ։
Հավելենք, որ Վիրջինիա Ֆոնսեկան և Վինիսիուս Ժունիորը հանդիպում էին 2025 թվականի հոկտեմբերից, իսկ նրանց բաժանման մասին հայտնի դարձավ ընդամենը մեկ ամիս առաջ՝ 2026-ի հոկտեմբերին։ Մինչ այդ բրազիլուհին ամուսնացած է եղել երգիչ Զե Ֆելիպեի հետ, որից ունի երեք երեխա։ Հատկանշական է, որ տարիներ շարունակ Բրազիլիայի հավաքականում խաղընկերներ հանդիսացող Նեյմարն ու Վինիսիուսն առաջին անգամ են հայտնվում նմանատիպ անձնական սկանդալի կիզակետում։




























































