Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) աշխարհի առաջնության փոխանցիկ դրոշը պաշտոնապես հանձնվել է Հայաստանին։
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ այս արարողությամբ տրվել է 2027 թվականին Երևանում կայանալիք ստուգատեսի նախապատրաստական փուլի խորհրդանշական մեկնարկը։
Հայաստանի մայրաքաղաքն իր պատմության մեջ առաջին անգամ կհյուրընկալի մեծահասակների աշխարհի առաջնությունը։ Մրցաշարն անցկացնելու իրավունքը մեր երկրին շնորհվել էր դեռևս 2024 թվականի մարտի 29-ին՝ Թաիլանդի Պհուկետ քաղաքում կայացած IWF-ի գործադիր խորհրդի նիստում։
Համաշխարհային կառույցի նախագահ Մոհամեդ Ջալուդն ընդգծել էր, որ այդ որոշման հարցում առանցքային դեր է խաղացել 2023 թվականին Երևանում անցկացված Եվրոպայի առաջնության բարձրակարգ կազմակերպումը։
Նախապատրաստական աշխատանքների շրջանակում դեռ 2024 թվականի մայիսին Մոհամեդ Ջալուդն ու IWF-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Ուրսոն այցելել էին Երևան և կազմակերպչական հարցերը քննարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ջալուդը բարձր էր գնահատել հայկական կողմի պատրաստակամությունը՝ համոզմունք հայտնելով, որ երևանյան ստուգատեսը կդառնա մարզաձևի պատմության ամենավառ իրադարձություններից մեկը։ Իսկ արդեն 2026 թվականի հոկտեմբերի վերջին՝ Չինաստանի Նինբո քաղաքում կայացած IWF-ի համաժողովի ընթացքում, ՀԾՖ նախագահ Արայիկ Հարությունյանն ու գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը միջազգային գործընկերների հետ քննարկել են առաջիկա առաջնության կազմակերպչական մանրամասները։
2027 թվականը բացառիկ հագեցած է լինելու հայկական սպորտի համար․ ծանրամարտի աշխարհի առաջնությունից զատ, Երևանը հյուրընկալելու է նաև Ֆրանկոֆոնիայի խաղերը և սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը։ Ծանրամարտի ԱԱ-2027-ի անցկացման հստակ ժամկետները կհրապարակվեն ավելի ուշ։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ


























































