Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Ասթոն Վիլայի» դարպասապահ Ձիոն Սուզուկիի ծառայություններով։ Ինչպես հաղորդում է TEAMtalk-ը, ճապոնացի ֆուտբոլիստն իսպանական գրանդի սկաուտների ուշադրությունը գրավել է Ունայի Էմերիի գլխավորությամբ ունեցած մրցելույթների շնորհիվ։
Մադրիդցիները նախատեսում են երկարաձգել գործող պայմանագրի ժամկետը Տիբո Կուրտուայի հետ, սակայն արդեն մտածում են դարպասապահի դիրքում ապագա փոփոխության մասին։ Բացի «Ռեալից», Սուզուկիի խաղին հետևում են նաև «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Տոտենհեմն» ու ՊՍԺ-ն։
«Ասթոն Վիլան» չի շտապում բաժանվել ֆուտբոլիստից, որի տրանսֆերն ամռանը գնել է 36 միլիոն եվրոյի դիմաց՝ կնքելով հնգամյա պայմանագիր։ Բիրմինգհեմում ճապոնացուն համարում են աշխարհի ամենահեռանկարային երիտասարդ դարպասապահներից մեկը։
Նշվում է, որ Սուզուկիի տեղափոխությունը «Ռեալ» կարող է գերազանցել դարպասապահների շրջանում երբևէ սահմանված տրանսֆերային ռեկորդը։
Հիշեցնենք, որ այն ներկայումս պատկանում է Կեպա Արիսաբալագային. 2018 թվականի ամռանը Լոնդոնի «Չելսին» իսպանացի դարպասապահի տրանսֆերի համար Բիլբաոյի «Ատլետիկին» վճարել է 80 միլիոն եվրո (71,6 մլն ֆունտ ստեռլինգ), ինչը մինչ օրս համարվում է ամենաբարձր տրանսֆերային արժեքն այս դիրքի խաղացողների համար:
























































