Չինաստանի Նինբո քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի մեծահասակների աշխարհի առաջնությունում մրցահարթակ դուրս եկան գերծանր քաշային (+110 կգ) ծանրորդները։
Հայաստանի ներկայացուցիչ, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի եռակի ու աշխարհի կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայանը երկամարտի 457 կգ արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ։
Պոկում վարժությունում հայ ծանրորդը հաջողությամբ կատարեց առաջին և երկրորդ մոտեցումները՝ գլխավերևում պահելով համապատասխանաբար 205 և 210 կգ ծանրաձողերը: Երրորդ փորձը (214 կգ) անհաջող ստացվեց: 210 կգ արդյունքով Լալայանը նվաճեց փոքր արծաթե մեդալ՝ զիջելով միայն Իրաքը ներկայացնող Ալի Ռուբայավիին (211 կգ)։
Հրում վարժությունում Լալայանն առաջին մոտեցմամբ ֆիքսեց 247 կգ: Երկրորդ փորձի ժամանակ հայ ծանրորդը 252 կգ ծանրաձողը պահեց գլխավերևում, սակայն մրցավարները չհաշվեցին մոտեցումը: Երրորդ փորձը (257 կգ) ևս անհաջող էր: 247 կգ արդյունքով Վարազդատն արժանացավ փոքր բրոնզե մեդալի:
Այսպիսով, գերծանր քաշայինների պայքարում աշխարհի չեմպիոն հռչակվեց 22-ամյա իրաքցի Ալի Ռուբայավին, որը երկամարտում գրանցեց 466 կգ (211+255) արդյունք:
Արծաթե մեդալը նվաճեց Իրանի ներկայացուցիչ Ալիռեզա Յուսեֆին՝ երկամարտի 458 կգ (195+263) արդյունքով։ Ընդ որում՝ Յուսեֆին հրում վարժությունում սահմանեց համաշխարհային ռեկորդ՝ գլխավերևում պահելով 263 կգ ծանրաձողը։ Երրորդ տեղը զբաղեցրեց Վարազդատ Լալայանը՝ երկամարտի 457 կգ (210+247) արդյունքով։
Հիշեցնենք, որ աշխարհի այս առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից փոքր բրոնզե մեդալ էր նվաճել նաև Ալեքսանդրա Գրիգորյանը՝ կանանց 57 կգ քաշայինների պայքարում:


























































